ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ նշել է, որ չի կարող հերքել Ադրբեջանից բխող վտանգի փաստը։
Պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Երեւանը վտանգ է զգում Ադրբեջանից, եւ դա ստիպում է Երեւանին նոր պայմանագիր կնքել, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Չեմ կարող հերքել, որ կա վտանգ։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարծաքային ամբողջականությունը։ Անկախ նրանից մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կունենանք՝ ՀՀ Զինված Ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը եւ մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը դրա մասին են»։
Ֆրանսիայի ԶՈւ նախարարն էլ ընդգծել էր, որ որեւէ այլ երկիր չի կարող քննադատել Հայաստանին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը նախօրեին արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
«Բաստիոն» տեսակի զրահամեքենաների խմբաքանակը նույնպես շուտով կմատակարարվի։ Շատ չեմ խորանում, թե ինչ սպառազինություն է գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետեւ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ ե՛ւ բնակչության, ե՛ւ սահմանների պաշտպանությունը»,-ասել է Լըկորնյուն եւ հավելել․ «Եթե Հայաստանը կարճ, միջին եւ այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք եւս կտրամադրվեն Հայաստանին»։