Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունից փետրավրի 23-ին տարածել է Ուկրաինայի պատերազմի եւ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված Ռուսաստանի դեմ 500 նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ուղերձ։
Դրա մեջ նշվում է, որ սահմանափակումները ուղղված կլինեն Ռուսաստանի ֆինանսական հատվածին, ռազմարդյունաբերական համալիրին, գնումների ցանցի մասնակիցներին, պատժամիջոցներից խուսափողներին եւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման համար պատասխանատուներին։
Ուղերձի տեքստում նշվում է, որ բացի վերոգրյալից, կներդրվեն արտահանման նոր սահմանափակումներ «ռուսական ռազմական մեքենային» աջակցող գրեթե 100 կազմակերպությունների նկատմամբ։ Դրանում ավելացվում է, որ Սպիտակ տունը միջոցներ կձեռնարկի նաեւ էներգետիկ եկամուտների հետագա կրճատման ուղղությամբ:
«Սրանք կապահովեն, որպեսզի [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը ավելի թանկ գին վճարի դրսում իր ագրեսիայի, իսկ ներսում բռնաճնշումների համար»,-ասվում է հայտարարության տեքստում:
Միեւնույն ժամանակ, Բայդենի անունից հրապարակված ուղերձում հավելվում է, որ նախագահը իր թիմին հանձնարարել է ուժեղացնել «քաղհասարակությանը, անկախ լրատվամիջոցներին եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարության համար պայքարողներին ցուցաբերվող աջակցությունը»։
Բայդենի ուղերձում նաեւ կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին հաստատել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին երկկուսակցական օրինագիծը։