2013 թվականի փետրվարի 24-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում է նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մասին իր պատկերացումը, նշելով, որ թեկնածուի ապագա կառավարությունում որեւէ պաշտոնի չի հավակնում: «Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը»։
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն, իր բառերով, քաղաքում չէր, երբ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից, չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ եւ ինչ ընդհանրություններ կարող են լինել Ուկրաինայի ու Հայաստանի միջեւ: «Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը»,- զարմանում է պատգամավորը:
Գագիկ Ծառուկյանին արյունահեղության սպառնալիքով քաղաքականությունից դուրս վռնդելը շարունակում է մնալ խորհրդարանի հիմնական թեման: «Հանրապետականը երբեւիցե որեւէ արյունահեղության կամ նման տերմին, տերմինաբանություն չի օգտագործել»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրում են համագործակցության համաձայնագիր: «Միատեսակ տրամադրություն ունենք՝ բարձր»,-ասում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: «Մենք կառուցելու ենք մի երկիր, որտեղ իրավական ազատությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ստորագրումից հետո խոստանում է ԿԳ նախարարի պաշտոնը կորցրած Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը՝ Ռոբերտ Սարգսյանը։ Ցուցակում եւս 11 ՀՀԿ-ական կա, բայց դա Մարգարյանին չի վախեցնում. «ՀՀԿ-ն 12-ին էլ պաշտպանում է։ Հանրապետականները իրար դեմ չեն մրցում»։
«Ծառուկյան» խմբակցությունը կողմնորոշվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնում կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը: «Նա բոլորի հետ հանդիպել ա, եւ բոլորին լսելով ներկայացրել ա, որ ինքը արտագաղթը դադարեցնելու ա, ներգաղթ սկսի եւ մեզ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձեւավորվի»,-պատճառաբանում է Գագիկ Ծառուկյանը:
ՔՊ կուսակցության 4-րդ համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանում անխուսափելի է տնտեսական հեղափոխությունը: «Թուքումուր ուտելով՝ անելու ենք տնտեսական հեղափոխությունը»,- ազդարարում է վարչապետը:
Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը զարմանում է, երբ լսում է, որ իր հարաբերությունները վատ են վարչապետ Փաշինյանի հետ, վերջինս նրան չի աջակցի: «Դեռեւս Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում որեւէ մեկին չէր ճանաչում, մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, անձնական որեւէ խնդիր չի եղել»,- հակադարձում է Բալասանյանը:
Քաղաքական դաշտի հիմնական թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն է, թե 44-օրյա պատերազմում ռուսական Իսկանդերը ողջ հզորությամբ չի պայթել: «Ի՞նչ է նշանակում, որ հրթիռները 10 տոկոսով են կիրառվել, թե 10 տոկոսով են պայթել, ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ։ Այդ հարցերը պետք է իրեն տալ, բայց կարծում եմ, որ ինքը չի այն մասնագետը, ինքը շատ հեռու մարդ է, որ դրանց մասին եզրակացություններ անի»,- ասում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Ուկրաինային ու գնդակոծում այդ երկրի տարբեր քաղաքները: ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Հայաստանին զգուշացնում է, որ սա իր պատերազմը չէ: «Խնդիրը ՌԴ-ին եւ Ուկրաինային է վերաբերում. մենք իրավունք չունե՛նք խառնվելու»,- ասում է պատգամավորը:
ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին դուր չի գալիս, որ Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը պետնախարարի պաշտոնից տեղի է ունեցել Ալիեւի պահանջով: «Ալիեւին հանգիստ թողեք, Ալիեւն ի՞նչ կապ ունի»,- լրագրողներին հորդորում է պարոն Քոչարյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: