Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրավրի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայատարարությանը, որ «ռուսական ագրեսիան հետ մղելու» ընթացքում ուկրաինական կողմը ունի 31 հազար զոհ։
«Այն, որ Զելենսկին ստում է, հասկանում է Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի, առաջին հերթին՝ Ուկրաինայի բանակի յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Նախկինում նախագահը Դոնբասի ռուսալեզու բնակչությանը մարդ չէր համարում։ Այժմ նա դադարել է մարդ համարել Ուկրաինայի մնացած հատվածների բնակչությանը»,-ասել է Զախարովան։
Զելենսկու ներկայացրած թիվը, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է 2022-ի դեկտեմբերից ի վեր։ Այդ ժամանակ նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը նշել էր, որ ուկրաինական կողմի կորուստները հասնում են 10-ից 13 հազար զինվորականի։
Փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը նաեւ նշել էր, որ պատերազմի ընթացքում ռուսական կողմի զոհերի թիվը հասնում է 180 հազարի, իսկ վիրավորներինը շուրջ 500 հազարի: