Ծագումով լեհ, շիկահեր ու բարձրահասակ Կառլովիչների, Ստեմպելների, Բարտոշեւիչների ընտանիքներին Գյումրիում լավ են ճանաչում: Քաղաքում պատմում են, որ նրանց պապերը Գյումրի են եկել ռուսական կայսրության տարիներին, Ալեքսանդր երկրորդի օրոք՝ անդրկովկասյան երկաթուղին կառուցելու համար:
Լեհական համայնքից ոմանց պապերն էլ ստիպողաբար են գյումրեցի դարձել. նրանք սեփական բանակ ստեղծելու ցանկություն ունենալու համար աքսորվել են Կովկաս, հայտնվել Հայաստանում:
Որ Գյումրիում լեհական համայնքի շարքերը խտանան, ամենամեծ ներդրումն ունեցել են լեհ հարսները: Նրանք հայերի հետ են ամուսնացել, հայ-լեհական սերունդ տվել, լեհական համայնքն ընդլայնել: Այժմ Գյումրիում լեհական ծագումով շուրջ 70 ընտանիք է ապրում:
Համայնքում կան նաեւ անդամագրված մարդիկ, ովքեր չունեն լեհական ծագում, բայց ապրել են Լեհաստանում, քաղաքացիություն ստացել:
«Հպարտ եմ, որ հայ եմ, նույքան էլ հպարտ եմ, որ Լեհաստանի քաղաքացի եմ»,-ասում է Գյումրիում ծնված, Լեհաստանում մեծացած ու կրթություն ստացած Լիանա Հարությունյանը: Վերադարձա Գյումրի, բայց տեղս չէի գտնում, փնտրում էի մի անկյուն, որտեղ «Լեհաստան կա»»:
Փնտրտուքն իր արդյունքը տալիս է. Լիանան իմանում է, որ Գյումրիում լեհական համայնքը միավորող կազմակերպություն կա, որտեղ շաբաթ-կիրակի օրերին լեհերենի դասեր են անցկացնում: «Բնականաբար, հենց առաջիկա շաբաթ օրը մասնակցեցի դասընթացին,-պատմում է Լիանան,-ինչ խոսք, հարազատ էր միջավայրը, բայց լեզվի ուսուցման մակարդակը ցածր էր ինձ համար»:
Աղջիկը դիմում է Լեհաստանի դեսպանատուն, առաջարկում, որ խորացված լեհերենի մասնագետ ուղարկեն Գյումրի: Դեսպանատնից Լիանային չեն մերժում, բայց չեն էլ ուղարկում։ Տեսնելով, որ բացի լեզվից աղջիկը հրաշալի տիրապետում է նաեւ լեհական մշակույթին, սովորույթներին ու ավանդույթներին, առաջարկում են, որ հենց ինքն էլ դասավանդի ու համախմբի Գյումրու լեհական համայնքին:
Լիանան միավորում է Գյումրիում իրարից անկախ գործող լեհական երկու՝ «Դոմ պոլսկի» եւ «Պոլոնիա» կազմակերպությունները, ինչի շնորհիվ համայնքը մեկտեղվում եւ ավելի է ակտիվանում: «Լեհաստանին վերաբերող ոչ մի միջոցառում բաց չէինք թողնում, լավագույնը լինելն էլ սովորություն էր դարձել Գյումրու լեհական համայնքի համար»:
Այս ամենը, սակայն, արվում էր առանց ֆինանսավորման, սեփական միջոցներով: Լիանան որոշում է ծրագիր ներկայացնել Լեհաստանի դեսպանատուն: Ինչպես առաջին, այնպես էլ հաջորդող բոլոր ծրագրերն ընդունվում եւ ֆինանսավորվում են թե՛ լեհական Կառավարության, թե՛ դեսպանատան կողմից:
Գնահատելով Գյումրիում արված տեսանելի աշխատանքը՝ դեսպանատունը յոթ տարի առաջ որոշում է երիտասարդ ղեկավարին առաջադրվել Երեւանում գտնվող լեհական համայնքի «Պոլոնիա» հայաստանյան կազմակերպության նախագահի պաշտոնում:
«Բարդ ու պարտավորեցնող էր ղեկավարել մի կառույց, որտեղ նախկին նախագահ Ալլա Կուզմինսկայան շատ լավ հիմք էր դրել: Նա հարգված մարդ էր, յոթ լեզու գիտեր»:
Թեեւ գյումրեցի լեհերի սիրելի «պանի Լիանի» մայրաքաղաք տեղափոխվելը ցանկալի չէր, բայց լեհական շունչը Հայաստանի երկրորդ քաղաքում չպակասեց. շաբաթական երեք օր Գյումրիում լեհերենի դասերին մասնակցելուց բացի, համայնքի բոլոր անդամների համար ավելի հասանելի դարձան մայրաքաղաքի բոլոր միջոցառումները:
Մարզական մարաթոններ, Լեհաստանի Սահմանադրության, Դրոշի եւ սփյուռքի օրերի, Սուրբ ծննդյան, Զատկի առթիվ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումներ, գրքերի ընթերցանություններ թանգարաններում, ճամբարներ, կինոդիտումներ, ծիսական կերակրատեսակների պատրաստում… լեհական Պոլոնիայում կյանքը եռում է:
Լեհաստանում մեծ ճանաչում ունի նաեւ Հայաստանում գործող «Պոլոնիադա» երգչախումբը, որը բազմիցս մասնակցել է հարազատ երկրում տեղի ունեցող միջազգային փառատոներին՝ ամեն անգամ բացի բարձր հարգի մեդալներից արժանանալով նաեւ հիացմունքի:
2023 թվականի նոյեմբերի 29-ին Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Լիանա Հարությունյանին պարգեւատրել է «Ծառայության Ոսկե Խաչով», ինչին հետեւել է առաջին տիկնոջ՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդայի պաշտոնական այցը հայկական «Պոլոնիա»:
Ալիք Մեդիան առանձին հոդվածներով կանդրադառնա գյումրեցի լեհերի կյանքի պատմություններին, երկու հայրենիք ունենալու լավ ու վատ կողմերին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։