Մենք այժմ ապրում ենք տեղեկատվական հզոր հոսքերի մեջ։ Ինֆորմացիան աննախադեպ արագությամբ է հասնում մեզ։ Տեղեկությունը փոխանցվում է լրատվամիջոցներից սկսած, վերջացրած՝ պատերին փակցված պաստառներով եւ ընկերների հետ ունեցած կարճ զրույցներով։
Այդ ուժեղ հոսքերով մեզ փոխանցվում է մեծ թվով ապատեղեկատվություն, որի արդյունքում բարդացել է ճիշտն ու սուտը որոշելը։ Ապատեղեկատվության դեմ պայքարը դարձել է կրիտիկական մարտահրավեր ամբողջ աշխարհում: Այն հասարակությունը, որը քննադատական եւ թվային առումով գրագետ է, հեշտությամբ կարողանում է գնահատել տեղեկությունները, որոնց հանդիպում է առցանց՝ բացահայտելով դրանց աղբյուրները:
Մեդիագրագիտությունը կարեւոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար: Այն մի բան չէ, որ մեկ անգամ սովորում ես ու վերջ: Կարեւոր է ունենալ գործնական հմտություններ եւ ծանոթ լինել թվային միջավայրին, պարբերաբար զարգացնելով գիտելիքները, քանի որ թվային եւ մեդիա միջավայրը մշտապես զարգանում է:
Մեդիագրագիտությունը դպրոցներում
Տարիներ շարունակ Հայաստանում իրականցվում էին տարբեր ծրագրեր եւ դասընթացներ մեդիագրագիտության զարգացման համար։
2021 թվականին հանրակթրական չափորոշիչները փոխվեցին, որի արդյունքում ներդրվեցին միջնակարգ կրթության ութ կարողունակությունները։
Դրանցից մեկն էր թվային եւ մեդիա կարողունակությունը։ Ուսուցիչները պետք է իրենց առարկաներում ինտեգրեն մեդիագրագիտությունը։
Մեդիա փորձագետները խնդրի մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանը վստահ է, որ մեդիագրագիտությունը պետք է սկսել դպրոցից, քանի որ երեխաների եւ ուսուցիչների կրթության եւ իրազեկվածության բարձրացման շնորհիվ կկարողանանք պայքարել ապատեղեկատվության դեմ։
«Մեր կիզակետում դպրոցն է, ուսուցիչ, երեխա, ինչպես նաեւ ծնող: Այն որ մեդիագրագիտությունը դարձավ արդեն պարտադիր չափորոշիչ ինչ-որ առումով կարող ենք ասել համակարգային լուծման առաջին քայլն է: Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման շրջանակում արդեն կիրառվում է մեդիագրագիտությունը»,- ասաց Անի Եղիազարյանը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ունի մշակած երկու ձեռնարկ, դրանցից մեկը՝ «Մեդիա iգիտություն»-ն է։ Այն օգնում է դասավանդողներին հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները եւ փոխանցել մեդիագրագիտության հմտությունները սովորողներին։
Ձեռնարկում ներառված են նաեւ օրինակներ, որոնք կարող են հուշող լինել, թե ինչպես ինտեգրել մեդիագրագիտությունը դասերին։ Երկրորդը՝ «Մեդիագրագիտություն» ձեռնարկն է, որը հրատարակվել էր դեռ 2013 թվականին, որտեղ բազային գիտելիքներ են:
«Առաջիկայում կունենանք նոր գործիքներ, այժմ շտեմարան ենք մշակում, որտեղ կավելանա հինգ նոր թեմա: Դասի պլաններ ենք մշակում, այն ուսուցիչների համար, որոնք արդեն բազային գիտելիքներն ունեն, որպեսզի կարողանան տարածողը դառնալ իրենց համայնքում»,- ավելացրեց Անի Եղիազարյանը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը տարիներ շարունակ իրականացրել է «Մեդիագրագիտության շաբաթ» ծրագիրը, որի ընթացքում կազմակերպվում են առցանց եւ դեմառդեմ դասընթացներ ու հանդիպումներ։ Անի Եղիազարյանը նշեց, որ շաբաթն ակտիվ է անցնում, սակայն հենց ավարտվում է, բոլորը դադարում են խոսել մեդիագրագիտության մասին։
«Ծրագիրը, ասես Համաշխարհային շաբաթվա շարունակությունը լինի կամ պրոեկցիան Հայաստանում՝ Հայաստանյան շաբաթը։ Շատ կարեւոր է, որ ԿԳՄՍ նախարարությունն էլ է միանում, ինչի շնորհիվ դպրոցներին ուղարկվում են շրջաբերականներ-հուշումներ, որ կարող են մասնակցել: Խնդիրն այն է, որ չսահմանափակվենք շաբաթով, այն պետք է լինի ուսուցիչների տարվա անելիքների կարեւորագույն կետերից մեկը, քանի որ երեխաներն ամբողջ օրը մեդիայի մեջ են։ Միայն մեկ շաբաթում, դժվար է տեղեկատվություն փոխանցել, վտանգների ու ռիսկերի մասին»,- ասաց Անի Եղիազարյանը։
Մարտահրավերների մասին նաեւ խոսել ենք մեդիա փորձագետ Լուսինե Գրիգորյանի հետ։ Լուսինեն նշեց, որ ամենաառաջնային մարտահրավերը՝ դասավանդողների պատրաստվածությունն է։
«Մենք չունենք այնքան մարդ, որ հասկանում է, խորությամբ գիտի, կամ վերապատրաստվել է, վերապետրաստվելուց հետո էլ ճիշտ ընկալում է, եւ կկարողանա ինքնուրույն ինտեգրել մեդիագրագիտությունը դասապրոցեսում, ըստ այն պահանջների, որ կան փաստաթղթերում։ Այդ պահանջներն էլ վատը չեն, մեր եւ այլ Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ են մշակվել։ Փաստացի ստանդարտները կան, բայց իրականացնելու համար ամենամեծ բացը դասավանդողների կարողությունների պակասն է, մանավանդ հնուց դասավանդողները պետք է կարողանան ադապտացվել, իսկ դա շատ դժվար է»,- ասաց Լուսինե Գրիգորյանը։
Նա նաեւ նշեց, որ եթե «Մեդիա iգիտություն» առցանց կուրսը նախարարությունից կրեդիտներ ստանա եւ երաշխավորվի, ուսուցիչներն էլ կարողանան օնլայն կրեդիտները ստանալ, գուցե մի փոքր բացը լրացվի։
Երեխաների ոգեւորությունը միշտ առկա է, խնդիրը միայն ռեսուրսների պակասն է, քանի որ մեդիագրագիտությունն առարկա չէ, եւ դասագիրք չկա, ուսուցիչներն ինքնուրույն պետք է մշակեն դասի պլանը եւ հասկանան, թե ինչպես կարող են ադապտացնել իրենց թեմաներին։
«Ռեսուրսների պակաս կա, նյութերի իմաստով, քանի որ մեկ-երկու ՀԿ են զբաղվում եւ նյութեր պատրաստում այս թեմայով, որոնք իրոք խորքային նյութեր են։ Կան նաեւ այլ ՀԿ-ներ, որ վերապատրասման մեջ ներառում են այս թեմաները, բայց շատ քիչ։ Վստահ չեմ, որ դրանք համապատասխանում են այդ չափորոշիչներին։
Շատերն են զբաղվում, հետաքրքրությունը կա, ուղղակի պետության կողմից համակարգելու պակասը կա, որ այնպես անի այդ 40 հազար ուսուցչին էլ նյութերը հասնեն բավարար չափով։ Վերապատրաստումների համար շատ ժամանակ ու գումար հատկացվեն, որովհետեւ պետական վերապատրաստումները շատ վատ են անցել, ամռանը՝ շոգին, ամեն թեմային մի քիչ-մի քիչ ժամանակով եւ այլն։ Այս մասում բացեր կան, բայց դրական տեղաշարժն ավելի շատ է»,- ավելացրեց Լուսինե Գրիգորյանը։
Մեդիակարողունակության կիրառելիությունը
Անի Եղիազարյանը նշեց, որ մեդիա կարողունակությունը, ըստ էության չի կիրառվում, բայց առաջին քայլն արված է։ Նա կարծում է, որ հետագայում զարգացման հնարավորությունների կտանի։
Այս պահին ՄՆԿ-ն իրականացնում է հետազոտություն, կազմակերպում է ֆոկուս խմբային քննարկումներ եւ խորը հարցազրույցներ։ Արդյունքում կունենանք հետազոտություն, որտեղ կլինեն եւ՛ որակական, եւ՛ քանակական արդյունքներ:
Լուծո՞ւմ
Ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերներն ահռելի են: Խնդրի լուծումը պահանջում է մանկավարժների, տեխնոլոգիաներ մշակողների եւ հասարակության բազմակողմանի եւ համագործակցային մոտեցում: Մեդիա դաշտի արագ էվոլուցիան եւ սահմանափակ ռեսուրսները պահանջում են նոր լուծումներ:
Կրթությունը առաջնային է այս դաշտում, բայց կարեւոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ պայքարը բացառապես կրթական նախաձեռնություն չէ: Այն հասարակական պարտավորություն է, որը պահանջում է հավաքական ջանք՝ խթանելու քննադատական մտածողությունն ու թվային գրագիտությունը:
Քանի որ տեխնոլոգիան շարունակում է զարգանալ, եւ ապատեղեկատվությունը զուգընթաց հարմարվում է, մեր արձագանքը պետք է լինի նույնքան դինամիկ: Կրթական չափորոշիչներն էլ փաստում են, որ համակարգային առաջին մեծ քայլն արդեն արված է։
Աստղիկ Հովհաննեսով