Աշխարհում անվտանգությունը նվազում է օրեցօր, իսկ ուժերի միջեւ տասնամյակների կայուն հարաբերություններից հետո մենք թեւակոխում ենք բազմաբեւեռության դարաշրջան։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Ժնեւում մեկնարկած Մարդու իրավունքների խորհրդի ՄԱԿ 55-րդ նստաշրջանի բացման խոսքում։
«Սա նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային մակարդակում առաջնորդության եւ արդարության համար: Սակայն բազմաբեւեռությունն առանց ուժեղ միջազգային ինստիտուտների քաոսի վտանգ է ներկայացնում»,-ասել է Գուտերեշը։
Նա նաեւ ընդգծել է, որ «Ռուսաստանի՝Ուկրաինա ներխուժման եւ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված սարսափելի ահաբեկչական հարձակմանը հաջորդած Իսրայելի պատասխան գործողության շուրջ միասնության բացակայությունը, եթե ոչ մահացու, ապա ծանր հարված է հասցրել Անվտանգության խորհրդին եւ խարխլել է նրա հեղինակությունը»։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի համոզմամբ կառույցի Անվտանգության խորհուրդը թե՛ իր կառուցվածքով, եւ թե՛ կիրառած մեթոդների տեսանկյունից վերափոխման կարիք ունի։