Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցում Եվրախորհրդարանն անդրադարձել է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը:
Զեկույցում ԵՄ-ին եւ ԵՄ անդամ երկրներին կոչ է արվել ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը եւ արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:
Բացի դրանից՝ ԵԽ-ի զեկույցում առաջարկվում է ուշադրությամբ հետեւել «Գորշ գայլեր»-ի գործունեությանը եւ հակազդել դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների եւ տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
ԵԽ զեկույցում այդ խմբավորումը ծայրահեղական եւ ռասիստական է որակվել, նշվել է նաեւ, որ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման գործունեությունը մտահոգիչ է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԵՄ երկրների համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր»-ի գործունեությունը։
Նախորդ տարվա նոյեմբերի 19-ին էլ Բունդեսթագում ընդունվել էր օրինագիծ, որով դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկելու Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունն ու գործունեությունը ճնշելու ուղղությամբ:
Օրինագծի համաձայն՝ Գերմանիայում պետք է ուսումնասիրվեն «Գորշ գայլեր»-ի արգելման հիմքերը, այդ շարժման թիրախների վերաբերյալ իրազեկեն հանրությանը ու հաստատություններին եւ իրավական բոլոր հնարավորություններն օգտագործեն ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։