Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շտայեն փետրվարի 26-ին հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Աբասին է ներկայացրել իր կառավարության հրաժարականի գրավոր դիմումը՝ Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո պաղեստինցիների միջեւ քաղաքական պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուսի ձեւավորումը թույլ տալու համար։
Այս մասին հայտնում է պաղեստինյան պետական «Wafa» գործակալությունը։
Վարչապետը Ռամալլահ քաղաքում այսօր կայացած կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում բացատրել է, որ «այս որոշումը բխում է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայից եւ աննախադեպ քաղաքական, անվտանգային եւ տնտեսական զարգացումների, ինչպես նաեւ Արեւմտյան ափում, ներառյալ Երուսաղեմ քաղաքում, շարունակովղ էսկալացիայի համատեքստից»:
Իսրայելական The Times of Israel պարբերականը նշում է, որ կառավարության հրաժարականը կապված է Աբասի վրա ԱՄՆ-ից գործադրվող ճնշումների հետ։ Ըստ պարբերականի Վաշինգտոնի նպատակը հետպատերազմյան Գազայի կառավարումը ներքին կառուցվածքում վերաթարմացումներ անցած Պաղեստինի ղեկավարությանը հանձնելն է։
Շտայեն կառավարության նիստում այսօր ընդգծել է, որ իր հրաժարականի նպատակը ազգային միասնական նոր համակարգի ձեւավորումն է։
«Ես տեսնում եմ, որ հաջորդ փուլը եւ դրա մարտահրավերները պահանջում են նոր կառավարական եւ քաղաքական պայմանավորվածություններ, որոնք հաշվի կառնեն Գազայի հատվածում ձեւավորվող իրականությունը, ազգային միասնության բանակցությունները, եւ միջպաղեստինյան կոնսենսուսի հրատապ անհրաժեշտությունը, որը հիմնված պետք է լինի ազգային հիմնասյան, համընդհանուր մասնակցության, [կուսակցական] շարքերի միասնության եւ Պաղեստինի ողջ տարածքի վրա Պաղեստինի ինքնիշխանության տարածման»,-ասել է Պաղեստինի վաչապետը։