Օրերս մամուլում թոփ-լուրերի շարքում արտագնա աշխատանքի մեկնողների՝ հարկ վճարելու պարտավորություններին վերաբերող հրապարակումներն էին։ Հիմա արդեն ակտիվորեն քննարկվում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկ վճարելուն վերաբերող նյութերը։
Փետրվարի 23-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս թեմային, նշեց․ «Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձե՛ք ու այդպես հասե՛ք օդանավակայան: Կոշի՞կն է մենակ մաշվում, ճանապարհն էլ է մաշվում։ Էս ի՞նչ վերաբերմուքն է։ Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասե՛ք Երեւան»։
Ըստ Փաշինյանի՝ անընդունելի է շոու-բիզնեսի ներկայացուցիչների պնդումները, թե Ամերիկայում են տոմս վաճառել, ինչո՞ւ պետք է Հայաստանում հարկ վճարեն։
Դեռ 2018 թվականի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել՝ խախտելով օրենքը։ Երգիչները, երաժիշտները, հանդիսավարները եւ այս ոլորտում այլ գործունեություն ծավալող անձինք պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, հայտարարագրեն իրենց եկամուտներն ու հարկեր վճարեն։
Թեեւ տարիներ են անցել, բայց այդուհանձերձ, այս թեման կրկին քննարկվում է։ Բանն այն է, որ դեռեւս չի հաջողվել այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին հարկել։
Օրերս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ճեպազրույցների ժամանակ ասաց՝ նրանք սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները եւ վճարել հարկերը: Այսուամենայնիվ, որոշ արտիստներ շարունակում են խուսափել հարկ վճարելուց։ «Կան դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- հավելեց ՊԵԿ նախագահը:
Օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը կարծում է՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է եկամտահարկ վճարեն, ինչպես մյուս աշխատող քաղաքացիները։ Կան երգիչներ, որոնք, կորպորատիվ մի միջոցառման մասնակցելով, մեծ գումարներ են վաստակում։ Ըստ երգչուհու՝ արդար չէ, որ ուսուցիչները, շինարարները, բժիշկները, փողոցներ մաքրողերը եւ այլք եկամտահարկ վճարեն, իսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչները խուսափեն։
«Իմ համերգների 90 տոկոսը բարեգործական է։ Արտասահմանյան երկրներում ելույթներ ունենալով՝ ես գումարներ չեմ վաստակում։ Բարեգործական համերգների մեկնելու դեպքում ապահովում են իմ ճանապարհի ու կեցության ծախսերը։ Կորպորատիվ միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողները անհամեմատ շատ են վաստակում, քան օպերային եւ ժողովրդական երգիչները»,- մանրամասնում է երգչուհին։ Եթե կոմերցիոն միջոցառումներ հրավեր ունենա, գումար վաստակի, անշուշտ, պատրաստ է եկամտահարկ վճարել օրենքով սահմանված կարգով։
Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը արդեն մի քանի տարի եկամտահարկ է վճարում։
«Ես երգում եմ ռեստորանում, որպես աշխատող՝ գրանցված եմ։ Կան երգիչներ, որոնք կորպորատիվ մի միջոցառման մասնակցելիս 40 րոպե ելույթ ունենալու համար 15000 դոլար են վաստակում։ Բնականաբար, պետք է լինեն մեխանիզմներ նաեւ այս քաղաքացիներից եկամտահարկ գանձելու համար»,- ասում է Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում ելույթ ունենալու դեպքում, միանշանակ, բոլորն էլ պիտի եկամտահարկ վճարեն։
«Բայց չեմ կարծում՝ արտասահմանյան երկրներ մեկնող, ելույթ ունեցող ու գումար վաստակող երգչի ա՛յդ վաստակից եւս պետք է եկամտահարկ գանձել։ Եթե արտիստը գնացել է արտերկիր, օրինակ՝ հարսանիքի ժամանակ երգել է, որոշակի գումար վաստակել, մեկ է, այդ գումարը Հայաստանում է ծախսելու»,- նշում է Արման Խաչատրյանը։
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում աշխատող ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանը եւս կարծում է՝ ճիշտ մոտեցում չէ, որ արտիստը պարտավորվի հյուրախաղերից վաստակած գումարներից էլ եկամտահարկ վճարել, եթե նա արդեն Հայաստանում աշխատելով՝ հարկ է վճարում։
Անսամբլում մոտ 85000 դրամ է վաստակում։ Բնականաբար, այդչափ գումարով հնարավոր չէ ապրել, ուստի նաեւ երեք ռեստորանում է երգում․ գրանցված է, եկամտահարկ է վճարում։
«Ազգային արվեստի պահպանման, տարածման գործում անսամբլը կարեւոր առաքելություն ունի, եւ մենք մեծ սիրով մեր ժամանակը տրամադրում, ելույթ ունենում։ Համեմատության համար ասեմ, որ հարսանիքի ընթացքում երկու երգ երգելով՝ հնարավոր է մեկ ամսվա աշխատավարձից ավելի շատ վաստակել»,- մանրամասնում է երգիչը։
Ժողովրդական երգարվեստը կոմերցիոն միջոցառումների դեպքում այնքան էլ պահանջված չէ։ Շատերը նախընտրում են ավելի ցածրորակ երաժշտություն։ Այդ կատարողները, բնականաբար, անսամբլներում չեն երգում եւ հարկեր չեն վճարում։ Ստացվում է՝ անսամբլում երգող, ավելի քիչ վաստակող արտիստները հարկեր են վճարում, իսկ հարսանիքների ժամանակ մի քանի երգ երգող, մեծ գումարներ վաստակողներից ոմանք խուսափում են հարկերից։
Դավիթը հաճախ է հյուրախաղերի գնում, բայց, ասում է՝ դրսի ելույթները հիմնականում բարեգործական են։ «Բայց եթե արդյունավետ մեխանիզմներ մշակվեն, հավասար մոտեցում լինի, ինչո՞ւ ոչ, ես էլ հյուրախաղերի մեկնելու, վաստակելու դեպքում այդ գումարներից եկամտահարկ կվճարեմ։ Շատ բացեր կան, որոնք պետք է լրացնել ու նոր հասնել արտերկրում ելույթ ունեցած, գումար վաստակած երգչից եկամտահարկ գանձելուն, չէ՞ որ այդ արտիստները, Հայաստանում ելույթ ունենալով՝ արդեն հարկվում են»,- եզրափակում է երգիչը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։