Հայաստանը նորից կանգնած է երկրի սահմանների վերաձեւավորման բարդ խնդրի առջեւ: Հայաստանի Հանրապետության տարածքն այսօր 29743 քառ. կմ է, մինչդեռ, ինչպես հիշեցնում է պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը, մինչեւ 1929 թվականը մեր երկրի տարածքը 34539 քառ. կմ է եղել. 1929-ին Անդրֆեդերացիան Հայաստանի տարածքից Ադրբեջանին է տվել 4739 քառ. կմ:
Այն մտավախությունը, որ այսօր սահմանագծման հարցերը կարող են վճռվել հօգուտ Ադրբեջանի, ըստ պատմաբանի, հիմք ունի, քանի որ անցյալում այդպիսի դեպքեր շատ են եղել, իսկ 1929 թվականին, ինչպես ասում է, սահմանազատման հարց չի եղել, «այդքան տարածք ուղղակի նվիրվել է «եղբայրական» Ադրբեջանին»:
Մինչեւ 1929 թվականը Հայաստանի 34539 քառ. կմ տարածքի մասին տեղեկություններ կան Մոսկվայում հաստատված եւ խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին՝ 1926 թվականի հրատարակության մեջ ներառված պաշտոնական քարտեզներում, ինչպես նաեւ մի շարք գրքերում, խորհրդային վիճակագրական ժողովածուներում:
Ըստ պատմաբանի՝ այդ քարտեզները պահվում են Մոսկվայի կարեւոր արխիվներում, Հայաստանում, եւ, վստահ է, դրանց օրինակները կան նաեւ Ադրբեջանում: Ինքը՝ Կլիմենտ Հարությունյանը, այդպիսի փաստաթղթերի բազմիցս է առնչվել, երբ աշխատում էր Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը վերաբերող իր աշխատությունների վրա:
1929-ին Հայաստանից Ադրբեջանին հանձնված տարածքի մեջ է եղել նաեւ Կապանի շրջանի 21 գյուղ, որոնք այսօր Ջաբրայիլի շրջանում են, ունեն ադրբեջանական անուններ (Կարագյոլ,Ղազանչի, Քյուլի եւ այլն), մինչդեռ դրանք բոլորը եղել են հայկական գյուղեր: Ասում է, որ նրանց հայկական ծագման եւ հայկական անունների մասին հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում, 1917 թվականին Շուշիում հրատարակված «Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին տեղեկագրում», խորհրդային պատմաբանների հոդվածներում:
«1929-ին, երբ գյուղերը նվիրվեցին Ադրբեջանին, դրանցում արդեն ամբողջությամբ ադրբեջանցիներ էին բնակվում: Ադրբեջանցիները գալիս էին Հայաստան, հովվի գործ էին ստանձնում (հայերը սովորաբար հակված չէին հովիվ աշխատելու), ամեն մեկը մի 12, 15 երեխա էր ունենում, հաստատվում այդ տարածքներում: Երբ այդ գյուղերը լրիվ ադրբեջանական բնակչություն է ունենում, դիմում են վերեւներին, որ իրենք ուզում են Ադրբեջանի կազմում լինել: Մի քանի անգամ մերժելուց հետո, ի վերջո, նրանց դիմումին ընթացք է տրվում: Ի դեպ, մինչեւ նրանց պահանջների բավարարումը ճանապարհ էին փակում, հայերից անասուն էին գողանում, այլ ճնշումների դիմում»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է պատմաբան Կլիմենտ Հարությունյանը՝ նշելով, որ 1929-ին Ադրբեջանին նվիրաբերված բոլոր այդ գյուղերն էլ աշխարհագրական առումով առավելություն ունեն, 1990-ականների սկզբին հենց այդ գյուղերից էր հրետակոծվում Կապանի շրջանը:
Հատկանշական է, որ (ինչպես փաստաթղթերում հանդիպել է Կլիմենտ Հարությունյանը) Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահության նիստի ժամանակ հայկական գյուղերի՝ Ադրբեջանին տալու հարցը որոշվել է առանց հայերի, հայկական կողմից գրեթե զրոյական ներկայություն է եղել (ընդամենը երկու հոգի, այն էլ հրավիրյալի եւ ոչ թե ձայն ունեցողի կարգավիճակով):
Կլիմենտ Հարությունյանը խիստ կարեւորում է այսօրվա սահմանագծման հարցերում հայկական կողմից լավագույն մասնագետների, բանակցողների ներգրավումը, ձեռքի տակ պատմական փաստեր ունենալն ու ինքնավստահությունը:
«Շատ կարեւոր է նաեւ Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունների հաստատումը, որոնք հիմնված կլինեն ոչ թե իշխանությունների այսրոպեական կամայականությունների, այլ պատմական ավանդույթների վրա: Պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանը: Շատերը մոռանում են, որ այս տարածքում մոտ 600 տարի Հայաստան չի եղել, բաժանված է եղել Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, Ռուսաստանը եկել, Պարսկաստանից այս փոքր, արեւելյան Հայաստանը գրավել է, հետո արդեն ինչպես է հանրապետություն դարձել, բոլորս գիտենք: Այսօր գուցե նաեւ խոսք գնա Ռուսաստանի հետ միություն ստեղծելու մասին, բայց չկորցնելով պետականությունը: Եվրամիությունն ինչպե՞ս է գործում. նրա ներսում էլ պետականություններ են, բայց սահմանների հարցին այլ կերպ են նայում, նույնիսկ սահմաններ չկան»:
Ադրբեջանական սադրանքների մասին Կլիմենտ Հարությունյանն ասում է. «Այդպիսի սադրանքներ միշտ են եղել, բայց պետք է մի միջոց գտնել ապրելու նրանց կողքին, այլ ելք չկա: Կարծում եմ՝ երկու կողմից ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել, բայց թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մտավորականները շատ են խառնում իրավիճակը, սրում, դրդում ժողովուրդների միջեւ առավել թշնամության: Գուցե մի քանի հոգի լինեն մտավորականության մեջ, որ խաղաղության կողմնակից են, բայց ընդհանուր առմամբ երկու կողմից մտավորականությունը սարսափելի հարձակողական է տրամադրված:
Այո՛, շատ դժվար է ադրբեջանցու հետ ապրել, ես ապրել եմ (Կապանի Շիկահող գյուղից եմ), գիտեմ նրանց մոտեցումները հայերի նկատմամբ, բայց ի՞նչ կարող ենք անել: Ադրբեջանցու հետ պետք է ապրել զգույշ, ինչպես ասում են՝ «փայտը ձեռքիցդ վայր չդնելով»: Իմ ընկեր պատմաբան Գուրգեն Գեղամյանը, որ Խանլարում է ծնվել, պատմում էր, որ 10-12 տարեկան էին, ադրբեջանցի ընկերոջ հետ լեռնային կածանով քայլելիս ադրբեջանցին ասել է՝ Գուրգե՛ն, արի ես առաջ ընկնեմ, էլի, քեզնից, թե չէ քիչ է մնում քեզ հրեմ, գցեմ ձորը, մեզ էդպես են սովորեցրել… Մենք էլ Կապանի շրջանում շատ բան ենք տեսել: Ի դեպ, 1920-ականներին Կապանի տարածքից նրանց լավ քշել էին, բայց հետո նորից եկան, լցվեցին, սեպի պես խրվեցին Կապանի մեջ: Նույնիսկ մեր տարածքում այդ ժամանակ կառուցված երկաթգիծը կոչվում էր «Ադրբեջանական երկաթգիծ», ենթարկվում էր Բաքվին:
Ես միշտ ասում եմ, որ մեր անկախ պետության առաջին իշխանության կատարած լավ քայլերից էր այն, որ կարողացավ այդ տարածքներն ադրբեջանցիներից ազատել, նրանք Հայաստանում աներեւակայելի ձեւով շատանում էին: Տնտեսագետ Խոջաբեկյանը ժամանակին հաշվարկել էր, որ այդ տեմպերով մինչեւ 2050 թվականը ադրբեջանցիների թիվը Հայաստանում հայերից անցնելու էր»:
Մեր զրուցակիցը նաեւ ցավով է խոսում Հայաստանի իշխանությունների քաղաքականության, 44-օրյա պատերազմի, դրա հետեւանքների մասին. «Մենք կանգնած ենք բարդ պատմա-քաղաքական իրադրության առջեւ: Հայաստանի ղեկին այսօր լրագրող է, որ շատ ռազմական, պատմական հարցերի չի տիրապետում, անցյալից եկող հազար ու մի հարց կա, ներկա կացությունն էլ ծանր է: Մի սովորական լրագրողը, որ գուցե լավ խմբագիր է եղել, չեմ կարող ասել, չգիտեմ, բայց այս հարցերը ինչպե՞ս է վճռելու… Ես շատ մտահոգ եմ»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։