Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը շարունակում են ակտիվ շփումները իրանական միջուկային ծրագրերին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում։
Նախարարը ընդգծել է, որ Իրանը ամերիկյան կողմից ազդանշաններ է ստանում իրանական միջուկային գործարքի բոլոր մասնակիցներին դրա դրույթների կատարմանը վերադարձնելու պատրաստակամության մասին։
«Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվում է տարբեր թեմաներով նամակների փոխանակումը։ Ամերիկյան կողմը երբեմն հասկացնում է, որ ցանկանում է, որ [համաձայնագրի] բոլոր մասնակիցները վերադառնան միջուկային համաձայնագրով նախատեսված իրենց նախկին պարտավորություններին»,-ասել է Աբդոլլահյանը եւ ավելացրել․ «Մեր կողմից բաց հայտնեցինք, որ պատրաստակամ ենք ողջունելու նման առաջարկությունները, որոնք մեզ թույլ կտան վերադառնալ նախկին պարտավորություններին եւ ամբողջությամբ չեղարկել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները»։
Աբդոլլահյանը նշել է, որ Իսլամական Հանրապետության կառավարությունն «ի սկզբանե միջուկային համաձայնագիրը չի դիտարկել որպես պետության [ներքին] խնդիրների լուծման միջոց» եւ ապացուցել է, որ Իրանը «ամենահավատարիմն է իր միջազգային պարտավորություններին»՝ ատոմային էներգիայի խաղաղ զարգացման համատեքստում:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ ԳՀՀԾ-ի շրջանակներում Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին ԳՀՀԾ-ն, որը ուղղված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած միջազգային ճգնաժամի հաղթահարմանը: Սակայն ԱՄՆ-ն 2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումով դուրս էր եկել համաձայանգրից եւ միակողմանի կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։
Գործող նախագա Ջո Բայդենի իշխանության գալուց Վաշինգտոնը սկսել է թե՛ պատժամիջոցների մեղմացումը քննարկելու, եւ թե՛գործարքին վերադառանլու պատրաստակամություն ցույց տալ։