Սյունիքի երեք բնակավայրից յոթ ընտանիք արդեն սեփական փոքրիկ ջերմատնային բիզնեսն է հիմնադրել։ Աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» նախագիծը։ Ջերմատնային տնտեսությունների հիմնումը՝ Green house-ը, «Կայուն համայնքներ»-ի հինգ հիմնական նախագծերից մեկն է․ կան նաեւ մեղվաբուծության, սնկի արտադրության եւ այլ ծրագրեր։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ բոլոր ծրագրերը հիմնական երկու ուղղություններ ունեն՝ ենթակառուցվածքների զարգացում եւ եկամտի աղբյուրների ստեղծում։
«Մենք կարեւորում ենք բնակիչների ներգրավումն ու աշխատելու պատրաստակամությունը։ Ցանկացած նոր ծրագիր սկսելիս շահառուների շրջանում կասկածներ են լինում․ դժվար են պատկերացնում` ինչ ենք առաջարկում, իրենցից ինչ ենք ակնկալում, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվում է։ Հատկապես երբ մեկ-երկու հաջողված օրինակ են տեսնում, իրենք էլ են ոգեւորվում, ցանկանում փորձել»,-ասում է Վալեսյանը։
Ջերմատնային տնտեսությունների հիմնադրման առաջին պիլոտային ծրագիրը Գորիս համայնքի երեք բնակավայրերում՝ Բարձրավանում, Վերիշենում եւ Գորիսում է անցկացվել՝ նախորդ տարվա վերջին։ Այս տարի թե՛ տնտեսությունների, թե՛ մարզերի թիվը կավելանա։
«Նախատեսում ենք ծրագիրն ընդլայնել եւ ջերմատներ տրամադրել նաեւ Վայոց ձորի (Վայք, Արենի) եւ Գեղարքունիքի (Վարդեիս, Ճամբարակ) սահմանամերձ համայքների բնակիչներին, շարունակել Սյունքիում, այս անգամ՝ Կապան համայնքում։ Կփորձենք ընտրել շուրջ 15 տնտեսություններ, որոնք եւս կունենան իրենց ջերմատները»,-հայտնում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը։
Ինչպե՞ս են ընտրվում շահառուները
Ծրագրերի մասնակիցները, մինչեւ ջերմատուն ստանալը, անցնում են մի քանի փուլով։ Նախագծին դիմելուց հետո մասնակցում են տեսական եւ գործնական դասընթացների։ Ոլորտի լավագույն ներկայացուցիչները երկօրյա տեսական դասընթացին սովորեցնում են բույսերի՝ ջերմատներում աճեցման առանձնահատկությունները, բացատրում աճեցման ընթացքն ու կարեւոր նրբությունները։ Տեսական դասընթացը ներառում է նաեւ մարքեթինգային հմտությունների փոխանցում՝ հետագայում վաճառքն իրականացնելու համար։
Ընտրված շահառուի տնամերձ տարածքում տեղադրվում է 135 քառակուսի մետր (Սյունքում 150 քմ են) մակերեսով ջերմատուն՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ «Փոքր տարածքում ավելի շատ արտադրանք եւ ավելի հաճախ արտադրանք ստանալու հնարավորություն է ստեղծվում։ Խնայում են նաեւ, օրինակ, ջուրը, քանի որ բանջարեղենը ջրվում է կաթիլային եղանակով»,-ասում է Բալայանը։
Շահառուների ընտրությունը կատարելիս առաջնորդվում են մի քանի սկզբունքով՝ սոցիալական որեւէ կոնկրետ խմբի պատկանելություն, տարածքի առկայություն, բնակավայրում ապրելու տրամադրվածութուն, ակտիվ մասնակցություն դասընթացներին։
Արման Վալեսյանն ընդգծում է՝ առաջին կարեւոր նախապայմանը ցանկությունն է։ «Պետք է գիտակցել, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ փորձել, չշտապել եւ առաջնորդվել ստացած գիտելիքներով։ Մեկ անհաջող փորձը չպետք է հիասթափության պատճառ դառնա»,-նշում է ծրագրի ղեկավարը։
Շահառուները դրամական ուղիղ աջակցություն չեն ստանում. հենց ջերմատներն են տրամադրվում եւ կահավորվում։ Այնուհետեւ ստանում են անհրաժեշտ սերմերն ու սածիլները՝ աշխատանքը սկսելու համար։ Նրանք պետք է պատրաստ լինեն հետագայում ինքնուրույն աշխատելու, ներդրումներ կատարելու՝ եկամուտ ստանալու համար։ Ծրագրի ներկայացուցիչները կարեւորում են այս մոտեցումը՝ մեկնաբանելով, որ սրա շնորհիվ շահառուները շատ ավելի արագ են դառնում ինքնուրույն եւ գտնում շուկաներ։
Խրախուսվում է երիտասարդների եւ կանանց ներգրավվածությունը։ «Այդ առումով որոշակի խնդիր ունենք․ երբեմն ցանկության եւ իրականության գիտակցման բախում է լինում։ Մի դեպքում ցանկություն կա ինչ-որ բան անելու, բայց լավ չեն պատկերացնում՝ ինչպես, մյուս դեպքում սկսում են գործը՝ առանց ցանկության։ Փորձում ենք նաեւ այդ ուղղությամբ աշխատել՝ մասնագետների ներգրավմամբ»,-ասում է Վալսեյանը։
Նրա կարծիքով նման ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատական տնտեսությունների, այլեւ համայնքների զարգացմանը՝ ստեղծվում են աշխատատեղեր, եկամուտն ավելացնելու միջոցներ՝ հանգեցնելով նաեւ բնակավայրի ինքնաբավությանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: