Պատմության համար, կարծես, պետք է արձանագրվեր, որ 1992 թվականի փետրվարի 25-ը կարող էր ճակատագրական լինել ոչ թե Խոջալուի, այլ՝ Ստեփանակերտի համար, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը կփակվեր:
Բայց մենք հակված ենք ճանաչել ոչ թե բազմանիստ-բազմանկյուն իրականությունը, այլ՝ միստերիան, միստիֆիկացիան, այն, ինչը որեւէ կոնրետ իրավիճակում հաճելի է լսել: Այդպես է Խոջալուն ներկայացվել:
Իրականում, մինչդեռ, ինչպես ադրբեջանական բաց աղբյուրներն են վկայում, Խոջալուն «ապաշրջափակելու» ռազմական գործողություն առաջինը մշակվել է Բաքվում: Փետրվարի 8-ին գումարվել է Ադրբեջանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է Աղդամից Ասկերանի ուղղությամբ ճեղքում իրականացնելու, Խոջալուում մնացած խաղաղ բնակչությանը տարհանելու, ապա Ստեփանակերտի ուղղությամբ հարձակումը ծավալելու եւ միաժամանակ Շուշիից ԼՂ մայրաքաղաքը գրոհելու որոշում:
Մեկ շաբաթ անց Աղդամ է հասել Կիրովաբադում տեղաբաշխված՝ նախկին խորհրդային ԶՈՒ 4-րդ բանակի դեսանտային դիվիզիայի փոխհրամանատար գնդապետ Բուդեյկինը՝ իր տրամադրության տակ ունենալով յոթ Տ-72 տանկ եւ համազարկային կրակի երկու «Գրադ» կայանք՝ անհրաժեշտ սպառազինությամբ:
Զրահատեխնիկան պետք է տոփաներ ԼՂ ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, իսկ «Գրադ» կայանքները՝ Խոջալուի ուղղությամբ կենտրոնացված հայկական տեխնիկան՝ թիրախավորելով նաեւ Ստեփանակերտը: Հրետանային հարվածներ պետք է հասցվեին նաեւ Շուշիից:
Գնդապետ Բուդեյկինի ներկայացրած մարտավարական ծրագիրը, սակայն, Աղդամում վստահության չի արժանացել. կասկածել են, որ մտադիր է տանկերը հանձնել հայերին: Գնդապետին պատանդ են վերցրել, տեխնիկան եւ ամբողջ ռազմամթերքը՝ բռնագրավել: Երկօրյա բանակցություններից հետո հաջողվել է Բուդեյկինին, նրան ուղեկցող մի քանի սպաների, տանկերի անձնակազմին ազատ արձակել եւ տեղափոխել Կիրովաբադ, իսկ «Գրադ» կայանքները տեղափոխվել են հարակից Աղջաբեդիի շրջան:
Ասկերանը ճեղքելու, Խոջալուն «ապաշրջափակելու» եւ Ստեփանակերտը գրավելու ռազմական երկրորդ գործողությունը մշակվել է փետրվարի 22-23-ին, հաջորդ օրը լիովին համաձայնեցվել: Հարձակման օր է նշանակվել փետրվարի 25- ը: Նշանակված ժամին, սակայն, տեղական ուժերի ոչ մի հրամանատար զորակայան չի ներկայացել: Ադրբեջանցի ռազմական լրագրող Մամեդ Վելիմամեդովի վկայությամբ՝ պատճառն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն ուներ: Ըստ տարածված մի վարկածի՝ ռազմական գործողությունը տապալել է Աղդամում Карьер Гасым մականունով հայտնի Գասում Քերիմովը, որ Շահբուլաղի քարհանքի տնօրենն էր:
Այսպես թե այնպես՝ փաստ է, որ փետրվարի 25-ին նախատեսված ադրբեջանական հարձակումը չի սկսվել, ինչի պատճառով Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռա-հրետանային կրակ չի բացվել նաեւ Շուշիից: Ի դեպ, Շուշիից ոչ մի գործողություն չի իրականացվել նաեւ այն ժամանակ, երբ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն արդեն սկսել էին Խոջալուի ռազմական գործողությունը:
1992 թվականի մարտի 7-ին Աղդամում Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Միքայիլովը հարցաքննել է Խոջալուի «ինքնապաշտպանական գումարտակի» չորրորդ դասակի հրամանար, գործով վկա Շաքիր Հասանովին:
Հարցին, թե իր կարծիքով ո՞վ է պատասխանատու «խաղաղ բնակիրների մահվան» համար, վերջինս պատասխանել է, որ դեպքերից ութ-տասը օր առաջ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Թամեռլան Գարաեւը մի քանի անգամ հեռախոսային կապ է հաստատել Խոջալուի հետ եւ վստահեցրել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, շուտով «Ազգային բանակը կգա եւ քաղաքը կազատագրի»:
Հասանովն ավելացրել է, որ Գարաեւը միտումնավոր ապակողմնորոշել է, որպեսզի բնակիչները չբողոքեն, մնան տեղում: «Ես կարծում եմ, որ սպանվածների արյան պատասխանատուն Թամեռլան Գարաեւն է, նա պետք է կանգնի դատարանի առջեւ եւ ենթարկվի խստագույն պատժի»-եզրափակել է դեպքերի ականատես եւ մասնակից Շաքիր Հասանովը:
Այս նյութերը եւ բազմաթիվ այլ վկայություններ շրջանառության մեջ են դրվել ավելի քան երկու տասնամյակ առաջ: Բայց մենք ծուլացել ենք տեսնել Խոջալուի մեդալի հակառակ կողմը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։