Իրանում Իսլամական Հանրապետության բոլոր նահանգներում մարտի մեկին տեղական ժամանակով 8։00-ից մեկնարկել են Փորձագետների խորհրդի եւ Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ընտրությունները։
Իրանի Ընտրական շտաբի տվյալներով ընտրատեղամասերը բաց կլինեն 10 ժամ՝ մինչեւ տեղական ժամանակով ժամը 18։00-ն։ Սակայն, ինչպես ավելի վաղ Mehr-ին հայտնել էր գերատեսչության խոսնակ Մոհսեն Էսլամին, անհրաժեշտության դեպքում քվեարկությունը կերկարաձգվի։
«Մոտ 60 միլիոն իրանցի այս տարի ընտրելու իրավունք ունի, եւ այդ իրավունքից օգտվելու համար ընտրողը պետք է ներկայացնի անձը հաստատող հինգ փաստաթղթերից մեկը»,-ասել էր Էսլամին։
Համաշխարհային բանկի 2022 թվականի տվյալներով Իրանում ապրում է ավելի քան 88 միլիոն մարդ։
Ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու են մոտ 190 հազար զինվորականներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Իրանում Փորձագետների խորհրդի ընտրություններն անցկացվում են 8 տարին մեկ։ Այս տարի Սահմանադրության պահապանների խորհուրդը (վերապառլամենտական մարմին, որը բաղկացած է հոգեւորականների ներկայացուցիչներից) ուսումնասիրել է ավելի քան 500 դիմում՝ պարզելու, թե արդյոք յուրաքանչյուր թեկնածու համապատասխանում է անհրաժեշտ պայմաններին։ Այս ուսումնասիրությունների արդյունքում թույլատրվել է ընտրություններին մասնակցել ընդամենը 144 դիմողի։
Ինչ վերաբերվում է Մեջլիսի ընտրություններին, ապա այստեղ թույլատրվել է մասնակցել 14912 թեկնածուի, ինչը կազմել է դիմումների ընդհանուր թվի 73%-ը։ Սա նշանակում է, որ խորհրդարանի մեկ տեղի համար կպայքարեն 51 հոգի։
Փորձագետների խորհուրդը կառավարական մարմին է Իրանում, որում ընդգրկված են 88 հեղինակավոր աստվածաբաններ։ Նրա հիմնական գործառույթն է ընտրել երկրի ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին։ Բացի այդ, խորհրդի պարտականությունների մեջ է մտնում սահմանադրական փոփոխությունների մշակումը եւ սահմանադրությամբ նախատեսված դեպքերում Իրանի ղեկավարի հրաժարականի մասին որոշում կայացնելը։
Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Երկրի սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի անդամների թվի փոփոխության հնարավորություն՝ հաշվի առնելով քաղաքական, աշխարհագրական եւ այլ գործոնները, ինչի արդյունքում յուրաքանչյուր 10 տարին մեկ պատգամավորների թիվը կարող է ավելացվել 20 հոգով։
Պատգամավորի լիազորությունների թիվը չորս տարի ժամկետով է։
Երկրի կրոնական փոքրամասնությունների համար Մեջլիսում նախատեսված է հինգ տեղ․ ասորի քրիստոնյաներն ու քաղդեացիները միասին ընտրում են մեկական պատգամավոր, հայ քրիստոնյաները՝ երկու, հրեաներն ու զրադաշտականները՝ մեկական։