ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ եթե Ուկրաինան պարտություն կրի, ապա Ռուսաստանի դեմ կպայքարեն ՆԱՏՕ-ի զորքերը։
Նման միտք Օսթինը հնչեցրել էր հունվարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովի ներկայությամբ՝ իր հոսպիտալացման վերաբերյալ լսումների ժամանակ, որի տեսագրությունը փետրվարի 29-ին հրապարակել է Associated Press գործակալությունը։
«Եթե Ուկրաինան պարտվի, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը կանգ չի առնի, կշարունակի հարձակվել եւ գրավել իր հարեւանների ինքնիշխան տարածքը։ Եվ եթե մերձբալթյան երկիր եք, ապա ձեզ շատ է անհանգստացնելու այն հանագամանքը, թե արդյո՞ք հենց դուք չեք լինելու հաջորդը։ Եվ այս պատճառով նրանք գիտեն Պուտինին, գիտեն թե նա ինչերի է ընդունակ։ Եվ անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի դեմ»,-ասել է Օսթինը։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի այս խոսքերի շուրջ մեկնաբանություն հնչեցրել է արդեն ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանին, թե՞ Զելենսկու համար արդարացում գտնելու փորձ։ Երկու դեպքում էլ անմիտ է։ Բայց հիմա բոլորը կարող են տեսնել, թե ով է ագրեսորը՝ Վաշինգտոնը»,-գրել է Զախարովան իր թելեգրամյան էջում։