Կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ։ Այս մասին Անթալիայում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը՝ չհստակեցնելով թե ինչ ուժերի մասին է խոսքը։
Ըստ Հաջիեւի՝ Ադրբեջանի տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ապահովվի կայուն խաղաղություն եւ հանգստություն, սակայն որոշ ուժեր փորձում են աշխարհաքաղաքական պայքարը տեղափոխել տարածաշրջան։
«Ադրբեջանն է այս նախաձեռնության հեղինակը։ Հենց Ադրբեջանի Հանրապետությունն է գրել ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Բայց, ցավոք, կան ուժեր, որոնք վարում են ռազմականացման քաղաքականություն, հրահրում են սպառազինությունների մրցավազք, փորձում են նոր բաժանարար գծեր ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաեւ ցանկանում են Հարավային Կովկասից դուրս գոյություն ունեցող իրենց աշխարհաքաղաքական խառնակությունները տեղափոխել տարածաշրջան»,-ասել է Հաջիեւը։
Նրա խոսքերով կան նաեւ այնպիսի ուժեր, որոնք փորձում են հայ-ադրբեջանական սահմանները դիտարկել որպես առճակատման գիծ։
«Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ, ինչը ցավալի է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը չի կրկնի անցյալ տարիների սխալները եւ կվարի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղությանը»,-ասել է Հաջիեւը։
Խոսելով բանակցային գործընթացի մասին նա հավելել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել էր արդյունավետ եւ դրական մթնոլորտում։