Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր իր նախկին հակառուսական հռետորաբանությունից եւ պնդում էր, թե արտաքին քաղաքական շրջադարձ Հայաստանում չի լինելու:
2018-ի փողոցային պայքարը «գունավոր հեղափոխություն» անվանելը տեղին չէր, քանի որ այն չուներ հակառուսական երանգներ: Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էլ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարեց, որ Հայաստանը եղբայրական Ռուսաստանի հետ է:
ՌԴ-ն չդատապարտեց իշխանափոխության գործընթացը։ Ցույցերին մասնակցում էին ռուսական հիմնարկների աշխատողներ, իսկ Կարեն Կարապետյանը, որը սերտ կապեր ունի ռուսական էլիտաների հետ, կարեւոր դեր խաղաց:
Տարիներ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունը հանձնել էր Կարեն Կարապետյանին, իսկ Էդուարդ Շարմազանովը լուսաբանեց վարչապետի պաշտոնից Կարապետյանի հրաժարվելու իրադարձությունների ժամանակագրությունը:
Կարեն Կարապետյանն ի սկզբանե չի ցանկացել ստանձնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման պատասխանատվությունը, ինչպես դա չեն ուզել նաեւ այլ հանրապետականներ։ Նման իրավիճակում Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան դրժել չառաջադրվելու 2014 թվականի իր խոստումը:
Փաշինյանը դուրս չեկավ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, Սիրիա զորախումբ ուղարկեց, էլ ավելի խորացրեց տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:
Ի վերջո Ռուսաստանի հովանու ներքո Փաշինյանն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ 2021-ին վերընտրվել ոչ միայն Արեւմուտքի, այլ նաեւ Ռուսաստանի աջակցությամբ: Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ Ռուսաստանը մերժել էր ՀՀ ընդդիմադիր ուժերին աջակցության հարցում:
Հայաստանի նախորդ երեք նախագահների օրոք Ռուսաստանը չի կարողացել հասնել Հայաստանում սահմանած իր բոլոր նպատակներին, ուստի նրանց համար ավելի հարմար է աշխարհի դրվածքից ու քաղաքականությունից որեւէ բան չհասկացող, հովանավոր փնտրող, թույլ Փաշինյանը:
Հակառուսական իր քաղաքականությամբ նա Ռուսաստանի համար կբացի ավելի մեծ հնարավորություններ, որոնց վերջինս կհասնի՝ Հայաստանին ծանր բեռի տակ դնելով:
Ռուսաստանը չունի իշխանափոխության նպատակ Հայաստանում, որի վկայություններն են Պուտինի եւ Լուկաշենկոյի խոսույթները: Ռուսաստանը իշխանափոխություն այստեղ կարող է իրականացնել ամեն պահի, սակայն այն պետք է նպատակահարմար լինի, թեեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պնդում է, որ այլ երկրներում հեղաշրջումներ հրահրելն իրենց ոճը չէ:
2022-ին Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին, ինչը նրան առաջարկել էին արեւմտյան հարթակներում։ Այդ ժամանակ արդեն սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմը:
Փաշինյանն ինտենսիվորեն սկսեց հանդես գալ հակառուսական հռետորաբանությամբ, ինչի գագաթնակետը այս պահին դարձել են հայ-ուկրաինական սիրախաղն ու ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու խնդիրը:
Հակառուսականության սերմերը նա գցել է 2018-ին, երբ հայտարարում էր, թե Ռուսաստանը թույլ չի տա նոր պատերազմ։ Փաստորեն, նա Ռուսաստանի վրա էր դնում ողջ պատասխանատվությունը եւ այսօր դա օգտագործում է նույն Ռուսաստանի դեմ՝ ներկայանալով որպես արեւմտամետ։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր այցը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության ամենաանմիտ նախաձեռնություններից մեկը, որի հետեւանքները բոլորս ենք հասկանում:
Արմեն Մկրտչյան