2013 թվականի մարտի 1-ին երգիչ Ֆորշը գոհ է, որ երիտասարդությունը դժգոհում նախագահի ընտրությունների արդյունքներից, որում հաղթել է իշխանության թեկնածուն, բայց եւ ուրախ է, որ ընտրվածը Րաֆֆի Հովհաննիսիյանը չէ: «Ես գոհ եմ դրանից, որովհետեւ ավելի լավ ա Սերժ Սարգսյանը լինի, որովհետեւ ինքը չորս տարի ա կառավարում է էս երկիրը եւ գիտի ով ում բարեկամն է»:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանն առաջարկում է մշակել խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Այդ իմաստով նա կարեւորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դերը. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը մարգարեանում է. «Մարտի 1-ի երբեք էջը չի փակվելու, անհնար ա»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդամենը չի հերքում, որ բանակը մարտի 1-ին եղել է Երեւանի փողոցներում. «Բանակը ներքաղաքական նպատակներով չի օգտագործվել, բանակը օգտագործվել է համապատասխան ընդունված որոշման համաձայն եւ այն միայնումիայն իրականացրել է կարեւորագույն օբյեկտների պաշտպանություն»:
Իշխող «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ընտրություններից առաջ անդրադառնում է Սերժ Սարգսյանի երկու տարի առաջ արած այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումներից հետո չի հավակնելու Հայաստանի նախագահի եւ վարչապետի պաշտոնին. «Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ, նա ընտրվել է ՀՀԿ նախագահ առաջիկա երեք տարիների համար»:
Մասնագետներն ահազանգում են, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերում մարտի 1-ի դեպքերը ներկայացված են թերի եւ միակողմանի, նոր սերունդը չգիտի, թե ինչու սպանվեց 10 հոգի: «90-ականների վերջի սերունդը եւ 2000-ականների սկզբի սերունդը չգիտի, թե մարտի 1-ն ընդհանրապես ինչ է: Այն կարգի աղոտ պատկերացումներ ունեն Մարտի 1-ի մասին, ասես մ․թ․ա․ 93 թվի Կապադովկիայի բռնազավթման մասին»,- ասում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը արցախյան առաջին պատերազմի ժամանակ գրաված տարածքներ այցելելով հայտարարում է՝ մենք շարունակելու ենք ապրել այս հողերի վրա. «Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը»:
Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Գոռ Քլոյանը երջանիկ է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դատվում է իր բառերով «սալյարկայի» գողության համար. «Առաջին ծիծեռնակներն ա, որ Սերժ Սարգսյանը «սալյարկա» գողանալու համար դատվում ա, հլը դրանից հետո շատ գործեր կբացահայտվի, թե Սերժ Սարգսյանն ինչեր է արել, Ռոբերտ Քոչարյանն ինչեր ա արել»:
Հայաստանում լարված է ներքաղաքական իրավիճակը: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո բանակը եւ քաղաքական ղեկավարությունը Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ միմյանց են մեղադրում պարտության համար: Վարչապետը բանակի ղեկավարությանը մեղադրում է հեղաշրջման փորձի համար. «Այն գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն նման գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ, ուղղակի չի կարող ունենալ»:
Հայաստանի հանրությունը կրկին հիասթափված է մարտի 1-ի գործով՝ ոչ մի մեղավոր բացահայտված չէ ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրում 10 զոհերի սպանության համար: Այս գործն ըստ էության փակվեց, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը: Փաստաբան Տիգրան Եգորյանը արդարության վերականգնման համար դիմում է եվրոպական դատարան. «Մեր ակնկալած եվրոպական դատարանի վճռով պետք է փաստվի, որ ՀՀ-ն ձախողել է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննության իրավունքի պաշտպանությունն ու ապահովումը»:
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի եւ մարտի 1-ի կազմակերպիչ հիմնական կասկածյալների միջեւ կարող էին ստվերային պայմանավորվածություններ լինել, որ մարտի 1-ը չի էլ բացահայտվելու. «Մենք շատ լավ տեսանք, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինչ ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես հիմնական այլընտրանք, եւ նաեւ դրա շնորհիվ Փաշինյանը կարողացավ վերարտադրել իր իշխանությունը»: