2013 թվականի մարտի 2-ին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ նախագահի պաշտոնից հրաժարական տալու. «Ինքը պիտի գա եւ թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դիվանագետի օրվա առիթով հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի մոտեցումները վայելում են միջազգային հանրության աջակցությունը:
Իշխող Հանրապետական կուսակցությունը ողջունում է Հայ Ազգային Կոնգրեսի որոշումը՝ մինչեւ ապրիլի 24-ը չանցկացնել զանգվածային քաղաքական միջոցառումներ: ՀԱԿ-ին, ըստ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար: «Այդ թայմ աուտը, երկու ամսվա թայմ աուտը ոչ թե ժեստ էր, ինքն ուղղակի այլ ճանապարհ չուներ, ստիպված քայլ էր, ՀԱԿ-ի բոլոր քաղաքական հաշվարկները կապված էին մեկ այլ քաղաքական թիմի հետ, ՀԱԿ-ը վեր էր ածվել ԲՀԿ-ի վերջին վագոնի»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վենետիկի հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որն առաջինն է սահմանադրական բարեփոխումներից հետո: Նոր Ազգային ժողովում, ըստ այդ նախագծի, լինելու է նվազագույնը 101 պատգամավոր, ինչպես նաեւ Սահմանված է լրացուցիչ մանդատների տրամադրման հնարավորություն՝ մեծամասնության ու փոքրամասնության համար:
Հայաստանը պատրաստվում է խորհրդարանի արտահերթ ընտրություններին: Ընտրություններին մասնակցում է նաեւ օլիգարխիան: Երեւանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները պատրաստ են ձայնը տալ, իրենց բառերով, թաղամասի կոյուղին սարքողին: Խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է։ «Ալեքսանյանն ասել ա՝ ես դա կանեմ»,- ասում է թաղամասի բնակիչներից մեկը: Մյուսը շարունակում է. «Ես Հանրապետական չեմ ճանաչում, ես Ալեքսանյան եմ ճանաչում»:
ՀՀ ԱԺ-ն Հայաստանի նախագահ է ընտրում Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանին: Պաշտոնը նա կզբաղեցնի այն օրը, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա, այսինքն, ապրիլի 9-ին: Ընդդիմությունը պահանջում է, որ նորընտիր նախագահը տեղեկանք բերի Մեծ Բրիտանիայից, որ այդ երկրի քաղաքացի չէ: «Մենք էդպես լեգիտիմության խնդիր ունեցող ՀՀ նախագահ արդեն երրորդն ենք տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին, հիմա էլ Արմեն Սարգսյանին: Շատ կուզենամ, որ էդ տեղեկանքն ինքը ներկայացնի»,- ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքում գրում է, թե ինքը ինչ կապ ունի մարտի 1-ի դեպքերի քրեական գործի հետ. «Մարտի 1-ի գործում, կոնկրետ ինձ հետ կապված, ոչ թե քննում են, որպեսզի պարզեն՝ մեղավոր ես, թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին, եւ այնուհետեւ ամբողջ քրեադատավարական գործընթացն իրականացնում»:
Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հերթական հանրաքվեին՝ մարդիկ ապրիլի 5-ին «այո» կամ «ոչ» պիտի ասեին Նիկոլ Փաշինյանի Սահմանադրությանը, որով պետք է լուծեին Սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը, երբ նախորդ իշխանության նշանակած դատավորներից ոչ մեկը չէր ուզում հեռանալ դատարանից. «Մեր երկրում հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության եւ վարչապետի ինստիտուտը, Ազգային Ժողովը նույնիսկ, իսկ ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ»:
Արցախի պետական համալսարանի դասախոսներն իրենց խորհրդարանի պատգամավորներից պահանջում են ռուսերենին պաշտոնական կարգավիճակ չտալ: «Արցախը, ինչպես գիտեք, միատարր է, այստեղ 99 տոկոսը բնակչության հայեր են, պետական լեզուն հայերենն է, խոսակցությունները, լինեն պաշտոնական թե ուղղակի, կամ բարբառով են, կամ հայերեն են։ Ռուսերենը այժմ ոչ ավելին է, քան օտար լեզու»,- ասում է միջազգային իրավունքի դասախոս Յանա Ավանեսյանը:
Վարչապետ Փաշինյանը խորհրդարանում դուրս է գալիս ափերից, որին ընդդիմությունը մեղադրում է հողեր հանձնելու համար. «Ով որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսալու ու մատով եմ խոսացել: Հերիք եղավ բոլ եղավ: Թափ կտամ, պետք լինի ուրիշ բան էլ կանեմ»:
Արդեն մեկուկես ամիս է, Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չունի. իշխող ուժը թեկնածու չի գտնում: «Եվ սա նշանակում է, որ պետությունը այդպես է վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը ընդհանրապես»,-ասում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը։ «Պետք ա ենթադրել, որ էրկու տարբերակ կա։ Կա’մ թեկնածու չկա, կա’մ շատ կան, պիտի կողմնորոշվեն»,- պարզաբանում է նույն հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը: