Պատերազմ, ինչքան ցավ կա այս բառի մեջ, ինչքան չարիք։ Նորից պատերազմ էր, նորից վտանգված էր Արցախը, նորից միտում կար գրավելու մեր հայրենիքը։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր գոյության համար, իր հայրենիքի եւ իր սրբության համար, սա եւս բացառություն չէր։
Սեպտեմբերի քսանյոթ, կրակոցների ձայնից արթնացավ քնած Արցախը։ Պատերազմ էր, կորուստներն անխուսափելի էին։ Հայրենիքի համար ընկան քաջեր, նորից մայրերն արցունք թափեցին, որբերն էլ անզորությունից ճչացին։ Մի՞թե աշխարհը կույր էր, չէ՞ր տեսնում այս տառապանքը, մի՞թե ժողովուրդը ճիշտ էր՝ ասելով, որ օրենքը լռում է, երբ շաչում են զենքերը։ Փաստորեն այո՛։ Ցավալի է, որ այս պատերազմում հազարամյակների պատմություն ունեցող մեր հայրենիքի մեծ մասը հանձնեցինք, հանձնեցինք նաեւ Հադրութն ու մեր գյուղը՝ Դրախտիկը։
Երբ նորից հիշում եմ այդ օրը, աչքերս արցունքով են լցվում։ Հենց այդ օրը մեզնից խլեցին ամեն ինչ՝ հայրենիք, գյուղ, հայրենի տուն, դպրոց, ընկերներ, հարազատներ եւ, իհարկե, մարդկանց, ովքեր էլ չեն վերադառնա։ Նրանք անմահացան՝ չտեսնելով իրենց հայրենիքի այս պատմության վերջը։ Բռնեցին հավերժության ուղին եւ իրենց հետ էլ տարան այն խնդիրը, որն էլ երբեք չեն տեսնի իրենց ծնողները։ Ասում են, թե ամեն ինչ անցողիկ է, բայց այս ցավը անցողիկ լինել չի կարող, այն խոր վերք է, որը, ճիշտ է, կսպիանա, բայց միշտ հիշել կտա իր մասին։ Անհնար է հավատալ այս ամենին, մի՞թե սա այն ներկան է, որում մենք ապրում ենք, կամ այն ապագան, որը մեզ համար ծրագրել էին մեր ծնողները։ Ա՜խ, եթե իմանայի, որ դա իմ վերջին օրն էր գյուղում, գոնե ավելի երկար կնայեի տանս ամեն մի մանրուքին։ Հեռանում էի գյուղիցս՝ հետեւում թողնելով տունս, այն տունը, որտեղ անցել է ողջ մանկությունս, որի հետ կապված են ողջ հիշողություններս։ Չէ՛, չէի հեռանում, մեզ ստիպում էին հեռանալ, ստիպում էին հենց այն մարդիկ, ովքեր չհեռացան, մնացին մինչեւ վերջ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, անգամ իրենց սեփական կյանքի գնով։ Այդ օրն իմ մեջ տպավորվել էին մեր գյուղացիները, ովքեր գնում էին պատերազմ, նրանք հրաժեշտ էին տալիս մեզ, կեղծ ժպտում, ասես ամեն ինչ լավ էր, բայց իրականում նրանց այդ ժպիտի տակ մեծ թախիծ էր թաքնված։ Նրանք գիտակցում էին, թե ուր էին գնում եւ ինչի համար։
Երբեք չէի պատկերացնի, որ կգրեմ գյուղիս մասին՝ շատ հեռու նրանից եւ թախծոտ աչքերով։ Գյուղիս անունը Դրախտիկ է, եւ ճիշտ է, այն իրականում դրախտի էր նման՝ գեղեցիկ բնությամբ, սառնորակ աղբյուրներով, որոնց ջրերն անմահական համ ունեին, ու այդ ամենը լցնող երեխաների խինդ ու ծիծաղով։ Աղբյուրը մոտ էր մեր տանը, եւ ես ամեն օր տեսնում էի, թե ինչպես են երեխաներն այնտեղից ջուր տանում եւ անցորդներին հյուրասիրում։ Գյուղը շրջապատված էր սրբատեղիներով, ուր հաճախ էինք այցելում, մոմ վառում, եւ գիտե՞ք՝ ինչ էինք խնդրում, Աստծուց միայն խաղաղություն էինք խնդրում։ Այն խաղաղությունը, որն այդպես էլ չեկավ, որին այդպես էլ մնացինք սպասելով։ Մեր մեծերը հենց դրանից էին վախենում, ասում էին, որ գոնե մենք չզգանք պատերազմի դառնությունը։ Կարոտում եմ նաեւ դպրոցս, ուսուցիչներիս, ընկերներիս։ Ինչքա՜ն հիշողություններ են արթնացել, որոնց բոլորի մասին գրելը շատ դժվար կլինի։ Վերջին օրս էր դպրոցում, հիշում եմ, թե ինչպես էինք դասղեկի ժամին քննադատում պատերազմը։ Ասում էինք, որ հայերին հաղթելն անհնար է։ Բայց մեր դեմ ելավ ողջ աշխարհը, որոշեցին առաջին անգամ ծնկի բերել հային։
Կարոտել եմ նաեւ գյուղացիներին։ Ամեն առավոտ քրոջս հետ դպրոց գնալիս ճանապարհին տեսնում էինք, թե ինչպես են առավոտ շուտ արթնացել եւ շտապում աշխատանքի, իսկ օրվա վերջում՝ արդեն հոգնած, դուրս էին գալիս ու զրուցում, ամեն մեկը պատմում էր իր օրվա մասին։ Նրանց դեմքին միշտ ժպիտ կար՝ անկախ նրանից հոգնած էին, թե ոչ։
Հիմա այսքանը հիշելով՝ նորից հասկանում ենք, թե ինչքան ցավ կա պատերազմի մեջ, եւ ինչքան երանելի է խաղաղությունը։ Ես հավատում եմ, հավատում եմ, որ մենք վերադառնալու ենք Դրախտիկ, եւ ամեն ինչ առաջվանն է լինելու։
Դրախտիկի Վ․ Բաղդասարյանի անվ․ միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։