Արդեն մի քանի ամիս է՝ հոգիս մղկտում է կարոտի ցավից: Միայն երազում է ինձ հաջողվում վերադառնալ իմ հայրենի գյուղ: Պատերազմը մեզնից տարավ աշխարհի ամենաթանկ բաները՝ մեր լույս եղբայրներին, մեր հայրենիքը, մեր հայրենի գյուղը եւ մեր իղձերը: Երբեմն ինձ թվում է, թե մեր սերունդը անիծված է, որովհետեւ հենց մեզ էր վիճակված ապրել այս աղետալի դարաշրջանում, տեսնել այսչափ անսասան հավատ հայի հոգում եւ այսքան արցունք հայ մարդկանց խաղաղություն մուրող աչքերում:
Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր ես այսքան անզոր կգտնվեմ գյուղիս մասին գրելիս:
Իմ մտքում, սրտում, ենթագիտակցությանս մեջ միայն իմ գյուղն է՝ աննկարագրելի, գեղեցիկ, վեհ եւ խրոխտ, ինչպես լեռը Դիզափայտ:
Ամեն ակնթարթ մտովի սլանում եմ մեր գյուղի սրբատեղիներով, ագահաբար ներս եմ շնչում նրա կենարար օդը, որ կյանք տամ երազանքներիս, ուզում եմ հիշել ամեն մի մանրուք, ամեն մի նեղլիկ արահետ, որ կտաներ ինձ իմ երանելի մանկության աշխարհ:
Երջանկություն ասվածը գուցե մեծերի համար է, բայց իմ Տումիում անհնար էր ուղղակի երջանիկ չլինել: Ամենքը երջանիկ էին իրենց ունեցվածքով: Հայրիկս պատմում է, որ արցախյան ազատամարտի տարիներից մինչ այս պատերազմը մեր գյուղում թուրքը ոտք չի դրել, անգամ ԽՍՀՄ տարիներին բարիդրացիական հարաբերությունների մեջ էինք հարեւան երկրի հետ: Հիմա մեր գյուղում ադրբեջանցի զինվորներն են վխտում: Արցախ աշխարհի ամենահնամենի, ամենագողտրիկ գյուղում հիմա թշնամին է, հասկանո՞ւմ եք:
Հիմա ես մայր Հայաստանում եմ: Դպրոց հաճախում եմ այստեղ, հասցրել եմ ձեռք բերել շատ լավ ընկերներ, բայց անասելի կարոտում եմ գյուղի իմ դպրոցն ու դասընկերներիս, այն գալար-գալար ճամփան, որ ձգվում էր հայրական տնից մինչեւ դպրոց: Մեր հանդերն ու անտառներն եմ կարոտում, ուզում եմ հեկեկալ կարոտից իմ փոքրիկ հայրենիքի սրտում, ուզում եմ ոտքերիս տակ զգալ:
Այս պատերազմը կարողացավ մեզնից տանել մեր Ես-ը: Ի՞նչ ենք մենք առանց նպատակների ու երազանքների, առանց հավատի ու հույսի:
Երազում եմ, այո՛, մեր գյուղը, մեր մոխրակույտ դարձած երբեմնի հայրենի օջախ վերադառնալու մասին, բայց երազանքս համր է ու անխոս, երազանքս վախկոտ է սաստիկ: Այս անտեր կարոտի ճիչը ամենաբարձրն է, որ իջեցնում է բոլոր ձայները:
Գիտե՞ք, որ ինձ բոլորովին չի գրավել այս քաղաքային միօրինակությունը, մարդկանց այս անդադար ու շնչակտուր վազքը, թռչունների ու կենդանիների այս տարօրինակ վարքը, ասես արհեստական են, աճպարարության համար են ստեղծված: Գյուղում ուրիշ է, այնտեղ չես գտնի ձանձրույթ պատճառող գորշությունը, մեքենաների՝ ականջ խլացնող ձայները, արեւագալի եւ մայրամուտի այս մշուշապատ հորիզոնը: Այնտեղ ամեն բան կատարյալ է ու ջինջ, բնական ու կազդուրող, այնտեղ ապրելուց մարդու հոգին ներդաշնակվում է բնության ընթացքի հետ:
Եթե ասեմ՝ ուզում եմ վերադառնալ իմ գյուղ, կստացվի ոչինչ չեմ ասել, երազում՝ դարձյալ ոչինչ չասող ինչ-որ բառ:
Ես այսպես կասեմ. եթե մի հրաշքով հնարավոր լիներ վերադառնալ իմ հայրենի գյուղ, ես երբեք, երբեք ոչ մի վայրկյանով այլեւս չէի լքի այն: Ես կվայելեի նրա ամեն մի ծառի, հանդի, կանաչի, այգու, անտառի, առվակի, նրա ամեն մի ժայռի քաղցրությունը:
Ես հավատում եմ աղոթքի զորությանը եւ ամեն գիշեր Բարձրյալին ուղղած իմ աղոթքներում այս եմ աղերսում.
— Տե ՛ր, երջանկացրու ինձ, խնդրում եմ, իմ հայրենի տուն վերադառնալու բերկրանքով:
Տո՛ւր ինձ ուժ, կամք ու հավատամք, որ մեր տնից մնացած մոխիրների շաղափով դարձյալ տուն կշինեմ, տուն, որ հավիտյան մերը կմնա, որ այլեւս երբեք չի մոխրանա:
12 տարեկան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։