Երբ երկու տարի առաջ սկսվեց ռուսական բանակի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, Արեւմուտքում գրեթե բացարձակ ձեւով գերակշռում էր այն տեսակետը, որ Ուկրաինան չի կարողանա երկարատեւ ճակատային դիմադրություն ցույց տալ։
Ավելին, սպասվում էր Կիեւի արագ անկում, եւ եթե ոչ շաբաթների, ապա ամիսների ընթացքում Ուկրաինայի ողջ արեւելյան մասում՝ մինչեւ Դնեպր, ռուսական բանակի լիարժեք վերահսկողության հաստատում։ Նույն կերպ մտածում էին նաեւ Մոսկվայում՝ մինչ լայնածավալ պատերազմի սկիզբը։
Սա ապացուցում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժմանը նախորդող իր ուղերձում լայնածավալ ռազմական գործողություններին տվեց «հատուկ ռազմական գործողություն» բնութագրիչը։ Այսինքն՝ այն լսելիս տպավորություն էր ձեւավորվում, որ Ուկրաինայի դեմ սահմանափակ կոնտինգենտով արագացված ռազմական գործողություններ պետք է անցկացվեին։
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը նախորդող շրջանում Ուկրաինայի դիմադրության անկարող լինելու տեսակետները ձեւավորվել էին գլխավորապես ուկրաինական հասարակության պառակտվածության ընկալումներից։
Սակայն ռուսական ներխուժմանը հաջորդող ժամերին արդեն աշխարհը հակառակ պատկերի ականատես եղավ։ Ուկրաինական հասարակությունը, անկախ ազգությունից, ցույց տվեց, որ ունակ է համախմբվելու հանուն «ընդհանուր հայրենիքի պաշտպանություն»։ Եվ իզուր չէ, որ հենց այդ ժամանակաշրջանում շրջանառության մեջ դրվեց «ուկրաինական քաղաքական հասարակության վերածնունդ» հասկացությունը։
Ուկրաինական հասարակությունը պառակտվա՞ծ էր
Այս հարցի պատասխանը տալիս են 1990-ականներին եւ 2000-ականներին երկրում անցկացված ընտրական ցիկլերը։ Դրանց ընթացքում հաճախակի էր արտահայտիչ դառնում այն, որ երկրի աեւմտյան եւ կենտրոնական շրջաններում բարձր տոկոսներ հավաքող քաղաքական ուժերն այսպես ասած «պրոարեւմտյան» գործիչներն էին, իսկ հարավում եւ արեւելյան հատվածներում նրանք, ովքեր աչքի էին ընկնում «ռուսասիրությամբ»։
Սա իր արտահայտությունն առավել ուրվագծված ձեւով ունեցավ 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ խորը դիմակայության մեջ էին «ռուսամետ» թեկնածու Վիկտոր Յանուկովիչը եւ «արեւմտամետ» Վիկտոր Յուշչենկոն։ Ռուսական «Коммерсантъ. Власть» ամսագրի այդ օրերի համարի շապիկին անգամ այսպիսի վերնագիր հայընվեց՝ «Юкраина против Якраины»։ Թեկնածուների պայքարն ավարտվեց առաջին «Մայդանով»՝ նարնջագույն հեղափոխությամբ, որի արդյունքում իշխանության եկավ Վիկտոր Յուշչենկոն:
Իսկ երբ 2010-ին, այնուամենայնիվ, Յանուկովիչին հաջողվեց դառնալ նախագահ՝ երկրորդ անգամ նախագահական ընտրություններում առաջադրվելուց հետո, Ուկրաինայի արեւմտյան եւ արեւելյան շրաջանների միջեւ այսպես կոչված «էլեկտորալ» բեւեռածվածությունը գնալով ավելի խորացավ։ Սրա համար երկիրը «վճարեց» 2014 թվականի երկրորդ «Մայդանով», Ղրիմի բռնակցումով եւ Դոնբասում ռուսական հիբրիդային ագրեսիայով։
Ռուսաստանի այսպիսի գործողությունները Ուկրաինայի քաղաքական եւ ընտրական դաշտից հեռացրեց շուրջ 5․2 միլիոնանոց ընտրազանգված (Ղրիմում եւ Սեւաստոպոլում մնացել էին՝ 1,7, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ձեւավորված ինքնահռչակ հանրապետությունների տարածքում՝ 3,5 միլիոն ընտրող)։ Ընդ որում սրանք այն ընտրազանգվածներն էին, որոնք նախկինում կարգապահորեն քվեարկել են Մոսկվային հավատարիմ քաղաքական ուժերի օգտին եւ ընդհանրապես մերժել ուկրաինական ինքնությունը։
Այսպիսի ընտրազանգվածի բացակայության պայամաններում վերացավ երկրի «էլեկտորալ» պառակտվածությունը։ Սա ապացուցվեց 2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Ուկրաինայի բոլոր շրջաններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Պյոտր Պորոշենկոն։
Հասարակության քաղաքական պառակտվածության բացակայությունը մեկ անգամ եւս նկատելի դաձավ 2019-ին, երբ նախագահական ընտրություններում, երկրի ողջ տարածքում՝ բացի Լվովի մարզից, բարձր տոկոսներ հավաքեց Վլադիմիր Զելենսկին։
Սակայն ո՛չ Ղրիմի բռնակցումը, ո՛չ Դոնբասի հակամարտությունը, ո՛չ էլ ռուսական պետական ալիքներով բացահայտ հակաուկրաինական քարոզչությունը չէին կարողացել բեկել Ուկրաինայի բնակիչների գրեթե կեսի այն համոզմունքը, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են։
2021 թվականի հուլիսին այդպես էր կարծում «Ռեյտինգ» սոց-գործակալության հարցվածների 41%-ը։ Սակայն 2022 թվականի ներխուժմանը հաջորդած շրջանում այդ պատկերը արմատականորեն փոփոխվել էր։ Պատերազմի մեկնարկից ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլին, այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով մինչեւ 8%-ի։ Նույն ժամանակահատվածում (2021 թվականի օգոստոսից մինչեւ 2022 թվականի ապրիլ) աճել էր նաեւ ուկրաինացիների թիվը, ովքեր իրենց սկսել էին համարել «Ուկրաինայի քաղաքացիներ», «ուկրաինացիներ» կամ «եվրոպացիներ» (75%-ից մինչեւ 98%)։
Այս դեպքում վստահաբար կարելի է ասել, որ հենց ռուսական ներխուժումը յուրահատուկ խթան էր եղել ուկրաինական հասարակության համախմբման համար։ Ուկրաինայի նորագույն պատմության եւ ընդհանրապես Ուկրաինայի Հանրապետության պատմության ընթացքում նման տենդենց մեկ անգամ չէ, որ կարելի է նկատել։
Համառուսաստանյան դաշնությունից մինչեւ անկախություն
Սկսենք 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից եւ դրան հաջորդող ժամանակաշրջանից։
Ռուսական կայսրության փլուզման գործընթացը ուկրաինական քաղաքական ու հասարակական շարժումների մեջ Ռուսաստանից լիակատար անջատվելուն ուղղված տրամադրություններ չէր առաջացրել։
Սա լավագույնս դրսեւորվեց, երբ 1917-ի մարտին քաղաքական կուսակցությունները ձեւավորցին Կենտրոնական Ռադան։ Այդ ժամանակ ուկրաինական տարածքներում օրենսդիր գործառույթներ իրականացնող այս մարմնի ընդունած առաջին որոշման՝ «Ունիվերսալի» տեքստում ամրագրվեց Ռուսաստանի կազմում լայն իրավունքներով ինքնավարություն ձգտումը։
«Թող Ուկրաինան ազատ լինի։ Չբաժանվելով ամբողջ Ռուսաստանից, չանջատվելով ռուսական պետությունից, թող ուկրաինացի ժողովուրդն իրավունք ունենա տնօրինելու սեփական կյանքը իր հողի վրա»։
Այս դրույթը տարբեր ձեւակերպումներով ամրագրվեց նաեւ երկրի ինքնիշխանությանը վերաբերվող հուլիսին ընդունված երկրորդ «Ունիվերսալում», որը ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանի հետ դաշնային սկզբունքով միասնական պետություն կազմելու ուղենիշ։
Սա սկզբնական շրջանում հանդիպեց Ռուսաստանի դիմադրությունը, սակայն Պետրոգրադում իշխող ժամանակավոր կառավարությունը ելնելով երկրի սոցիալ-քաղաքական ծանր կացությունից, այնուամենայնիվ ընդունեց Ուկրաինայի ինքնավարությունը։
Դրությունը փոխվեց, երբ 1917-ի հոկտեմբերին Պետրոգրադում հեղաշրջման արդյունքում իշխանությունը անցավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշեւիկյան) կուսակցությունը։ Նման զարգացումներից հետո, Կենտրոնական Ռադան իրեն համարելով տապալված ժամանակավոր կառավարության եւ դրա իշխանության ներքո գործող դաշնային կառույց, երրորդ «Ունիվերսալով» հրաժարվեց ընդունել բոլշեւիկների իշխանությունը։ Ավելին, նույն փաստաթղթում, կրկին ինքնավարության շրջանակում, հայտարարվեց Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության կազմավորման մասին։ Սա նշանակում է, որ շարունակվում էին պահպանվել Ռուսաստանի հետ միասնական պետական համակարգ կազմելու պատկերացումները։
Սակայն այս ընկալումները տրանսֆորմացիաների ենթարկվեցին, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը սկսեց ռազմական ճանապարհով Կենտրոնական Ռադան տապալելու եւ Ուկրաինան խորհրդայանացնելու գործողությունները։ 1918 թվականի սկզբին հարավային եւ արեւելյան Ուկրաինայում կոմունիստների ապստամբությունները եւ դրան հաջորդած Ռուսաստանի ռազմական ներխուժումը Կենտրոնական Ռադային հարկադրեցին չորրորդ «Ունիվերսալով» հռչակել Ուկրաինայի լիարժեք անկախությունը․ «Այսուհետ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը դառնում է ուկրաինացի ժողովրդի ինքնուրույն, ոչ մեկից կախում չունեցող, ազատ ինքնիշխան, սուվերեն պետություն»։
Այսինքն՝ կար մի իրադրություն, երբ անհրաժեշտ էր ուկրաինական հասարակությանը համախմբել եւ մոբիլիզացնել ռուսական ներխուժմանը դիմակայելու համար։
Այս շրջանում, որը համընկնում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլի հետ, դեռ հաղթական դիրքերում գտնվող Քառյակ դաշինքի գլխավոր անդամներ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի աջակցությանը դիմելով՝ ուկրաինացիները կարողացան հետ մղել ռուսական առաջին ներխուժումը։
1918-ին պատերազմում դաշինքի պարտությունը, Ռուսաստանում կայսրության վերականգնմանն ուղղված հակաբոլշեւիկյան ապստամբությունների տապալումը եւ քաղաքացիական պատերազմի ընթացքում բոլշեւիկների վճռական հաղթանակները հանգեցրեցին նաեւ Ուկրաինայում անկախ պետականության տապալմանը։
1919-1920-ը բոլշեւիկները ակտիվացրեցին իրենց գործողությունները, եւ Ուկրաինայում արագ սովետական կարգեր հաստատվեցին, իսկ 1922 թվականին սովետական Ուկրաինական դարձավ ԽՍՀՄ հիմնադիր հանրապետություններից մեկը։
ԽՍՀՄ ռեպրեսիվ քաղաքականությունը եւ 1932-1933 թվականների ստալինյան ռեժիմի կազմակերպած մեծ սովը՝ շուրջ 5 մլն մարդու կյանք խլած «հոլոդոմորը» (սովասպանդ), չէին կարող հետք չթողնել ուկրաինական պետականության վերականգնման գաղափարների եւ ազգայնական շարժումների ձեւավորման վրա։ Սա դրսեւորվեց ինչպես Երկորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1941-1943 թվականներին Ուկրաինան օկուպացել էր Նացիստական Գերմանիան, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում։
Օրինակ՝ այդ ժամանակներում ակտիվ գործունեություն ծավալած Ուկրաինայի ազգայնականների կազմակերպությունը (ՈւԱԿ), որին այսօր Ռուսաստանը մեղադրում է Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության համար, իրականում ունեցել էր հենց «Ուկրաինայի ժողովրդին հիտլերյան օկուպացիայի ընթացքում գերմանացիների, իսկ 1944-ից բոլշեւիկյան օկուպանտների դեմ առաջնորդելու» գաղափարը։
Բացի այս՝ ռուսական օկուպացիայի դեմ պայքարի շուրջ ՈՒԱԿ-ի հիմնական գաղափարախոսության մասին պատկերացում կարելի է կազմել կառույցի 1948 թվականին հրատարակած գրքույկի կարգախոսից․ «Ազատություն ժողովուրդներին եւ մարդկանց։ Հանուն ինքնուրուն միասնական Ուկրաինայի պետության։ Հանուն ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների անկախ ազգային պետությունների: ԽՍՀՄ ճնշված ժողովուրդներ, միավորվեք պայքարելու ստրկացնող եւ շահագործող բոլշեւիկների դեմ»:
Պետականության վերականգնման մեծ զարթոնք ուկրաինական հասարակությունը ունեցավ նաեւ 1990 թվականին, երբ այդ տարվա հուլիսի 16-ին ընդունվեց Ուկրաինական ԽՍՀ-ի սուվերենության մասին հռչակագիրը։ Մի ժամանակահատված, երբ ԽՍՀՄ-ի տարածքում ակտիվացել էին անկախական շարժումները։ Այս հռչակագրի երրորդ մասում արդեն հստակ ամրագրվել էր Ուկրաինայի ժողովրդի՝ որպես քաղաքական հասարակության, մասին դրույթը․ «Հանրապետության բոլոր ազգության քաղաքացիները համարվում են Ուկրաինայի ժողովուրդը»։
Եթե ավելի պարզ ասենք՝ այս դեպքում քաղաքական ազգը՝ Ուկրաինայի քաղաքացիներն են՝ անկախ էթնիկ ծագումից, լեզվական կամ կրոնական պատկանելությունից։ Այս մոտեցումը հետագայում արտացոլվել էր նաեւ 1996-ի Սահմանադրության մեջ։
Այսպիսով միանշանակ կարելի է ասել, որ ուկրաինական անկախ պետականության ձեւավորումը եւ դրա շուրջ ազգային համախմբվածությունը հիմնականում կառուցվել է ռուսական իմպերիալիստական ձգտումների համատեքստում։
Ավելին, նույնիսկ ռուսական ագրեսիաներն են հանգեցրել դրանց։ Այդ գործընթացները երեւելի են նաեւ 2022-ի ներխուժումից հետո, որը վերջնականապես ուկրաինացիների մոտ ձեւավորել է առանձին քաղաքական յուրահատուկ ինքնություն։ Այն բացառվում է ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին ներառող «մեծ ռուսական ազգի» մոսկովյան նախաձեռնությունը։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։