Վաշինգտոնը պատասխանել է Հայաստանի եւ Մոլդովայի հասցեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական կոշտ հայտարարություններին։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում իր վերջին ելույթի ժամանակ Լավրովն հայտարարել էր, որ Արեւմուտքը «ձգտում է վերահսկողության տակ վերցնել Մոլդովայի ղեկավարությունը, ինչպես եղավ Ուկրաինայի պարագայում»։
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը «լրջորեն կվերանայի» իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երեւանը շարունակի հեռանալ Մոսկվայից։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարությունների մասին TURAN գործակալության հարցմանը։
«Ահա թե ինչու Ռուսաստանի շատ հարեւաններ անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ եւ սպառնալից գործողություններով, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարեւանների դեմ»,-ասել է Միլլերը։
Մոլդովայի ղեկավարության նկատմամաբ Արեւմուտքի «վերահսկողության» փորձի մասով էլ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել էր հակիրճ միայն նշելով, որ «դա ակնհայտ սուտ է»։