«Էնտեղ, ուր հովը խաղում էր ազատ, ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում…»:
Այնտեղ, ուր ես անց եմ կացրել իմ մանկությունը, այնտեղ, ուր ես փոքր ժամանակ անընդհատ վազվզել եմ ու չարաճճիություն արել, այն իմ գյուղն է։ Իմ գյուղն ուներ հիասքանչ բնություն, հիշարժան վայրեր։ Երբ ես ընկել եմ, ինձ վատ եմ զգացել, բայց հիմա երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ընկնելու նրա գրկում, փաթաթվելու նրան։ Ես իմ գյուղի հետ ինձ զգացել եմ այնպես, ինչպես մորս հետ կլինեի։ Սիրում էի փաթաթվել մորս, նրա հետ անցկացնել ժամանակս։ Հատկապես գիշերները երկնքի ներքո երեւում էին գեղեցիկ լուսարձակող աստղերը։ Կարծես աստղերը երեխաներ լինեին, որոնք պտտվում էին միմյանց շուրջը։ Իմ գյուղի ջրերը սառնորակ էին, ջինջ եւ մաքուր։ Իմ գյուղը ինձ համար գյուղ չէր, այլ մի օջախ, որտեղ բոլորը իրենց լավ էին զգում, իրենց համարում էին մի տան անդամ։ Իմ գյուղից լավ տեղ չկար, չկա ու չի լինի, ու ես դրանում համոզված եմ։
Վստահ եմ, որ կարոտում ես ինձ, բայց մի՛ մտածիր, մենք նորից կհանդիպենք, մեր ճանապարհները կհատվեն, եւ այս աքրոստիկոսը նվիրում եմ քեզ, Տումի՛։
Տումի՛, իմ գյո՛ւղ,
Ունեի, բայց չէի գնահատում,
Միակն էիր, միակն ես ու միակը կլինես,
Իմ միակ կյանքի տենչանք։
9-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։