2013 թվականի մարտի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորում է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Հայրիկյանը նրան չի ճանաչում: «Չեմ խորանում, քանի որ վստահ եմ, որ նա միջնորդ պատվիրատու կլինի։ Իմ կյանքի փորձն է թույլ տալիս ինձ նման կարծիք ունենալ»,-ասում է ԱԻՄ նախագահը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բացառում է, որ Հայաստանում երբեւէ թավշյա հեղափոխություն կարող է լինել: «Հայերը թամաշա անող ազգ են, սիրում են միշտ հանդիսատեսի դերում լինել։ Ուրիշ երկրներում կարող են անգամ հեղափոխության առաջնորդ դառնալ, բայց սեփական հայրենիքում մանուկի պես դժվարություններից ճնշվում են, դրա համար էլ արտագաղթում են»,- համոզված է նա:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության արտահերթ համագումարում հայտարարում է, որ ինքն այլեւս ԲՀԿ-ի հետ կապ չունի. «Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ»։
1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով իշխանությունների մասին հատուկ խոսք ունի ասելու ՀՀ նախկին վարչապետի մայրը: «Բերեցին հոկտեմբերի 27-ը սարքեցին, մարտի 1-ը սարքեցին։ Սա անելո՞ւ բան էր, բա։ Հիմա իրենք իրենց աթոռներն առած՝ նստել են։ Բա այս ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի»,-ասում է Գրետա Սարգսյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԱԺ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը հայտարարում է, որ իշխանափոխության է գնում: «Հերիք է, որ անարդարությունը բախի նրանց դռները»,-հայտարարում է դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը գործող վարչապետ Կարեն Կարապետյանին չի տեսնում այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնում, որին հավակնում է Սերժ Սարգսյանը: «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից»,-փաստարկում է գեներալը:
ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը համոզված է, որ Փաշինյանի իշխանությանը հող տալու մեջ մեղադրողները իրենց շահերն են հետապնդում: «Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոր իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինչպես է պայքարում թուրքական «Բայրաքթարների» դեմ։ «Այդ դրոնները վաղը գալու են Ղարաբաղի վրա։ Դրոնների դեմ համապատասխան ստորաբաժանում չունենք, մեզ պետք է ստեղծել դրոնային հրետանի»,- ասում է Հրանտ Բագրատյանը։
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ շարժումը ԱԺ արտահերթ ընտրությունների օրակարգ չունի, միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հեռացումն է: «Վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ գնալ ընտրությունների նշանակում է լեգիտիմացնել բոլոր կորուստները, նշանակում է լեգիտիմացնել բոլոր հանցավոր գործողությունները եւ դրա ողբերգական հետեւանքը հայ ժողովրդի համար»,-ասում է ՀՅԴ-ականը:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը հայերի համար վտանգավոր չի համարում ռուս-ադրբեջանական նոր դաշնագիրը: «Որքան կանխատեսելի լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այնքան դա դրականորեն կանդրադառնա ռուս խաղաղապահների պաշտպանության տակ գտնվող Ղարաբաղի վրա»,-հավատացնում է քաղաքագետը:
Ադրբեջանը Ղարաբաղի Շուշի-Լաչին ճանապարհահատվածում դիվերսիոն հարձակում է գործում հայկական ոստիկանական մեքենայի վրա եւ սպանում երեք ոստիկանի: «Հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, մենք փորձել ենք ստուգել մեքենաները, ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն: