Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշին եւ Սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովին։
Նրանք մեղադրվում են 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում կատարած ռազմական հանցագործությունների համար։
«Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ երկու կասկածյալները պատասխանատու են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի մարտի 9-ը ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրենց հրամանատարության տակ գտնվող ուժերի կողմից իրականացված հրթիռային հարձակումների համար։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրականացվել են բազմաթիվ հարձակումներ [Ուկրաինայի տարածքի] էլեկտրակայանների եւ ենթակայանների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՄՔԴ Նախաքննական Պալատը տրված եզրակացության մեջ նշում է, որ հարձակումներն ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների դեմ, «իսկ այն օբյեկտների համար, որոնք կարող են որակվել որպես ռազմական, քաղաքացիական անձանց համար ակնկալվող վնասը ակնհայտորեն չափազանց մեծ է եղել՝ համեմատած ակնկալվող ռազմական առավելության հետ»։