Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովը, որը կազմակերպել էին Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ Freedom Holding Corp․ միջազգային հոլդինգի հիմնադիր եւ ղեկավար Թիմուր Տուրլովի՝ Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու շանսեր ունի․ հարկային համակարգը բավական հարմար է։
«Ներդրողները սիրում են, երբ երկիրը կենտրոնանում է իր ներքին հարցերի լուծման վրա։ Նրանց վախեցնում է երկրի՝ արտաքին խնդիրներով զբաղվելու ձգտումը։ Այդպիսի իրավիճակ է տեղծվել Ռուսաստանում․ բազմաթիվ ներդրողների վանել է այս փաստը»,- ասաց Թիմուր Տուրլովը։
Անդրադառնալով Հայաստանում ներդրումային միջավայրին եւ կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ասաց՝ այս ոլորտը դեռ թույլ է զարգացած մեր երկրում։ Ընկերությունները միջոցներ են հայթայթում դասական մեթոդներով` վարկեր են վերցնում բանկերից կամ ֆինանական օգնություն ստանում գործընկերներից։
Առաջիկայում պետությունը նոր պայմաններ կստեղծի կապիտալի շուկաների զարգացման համար։ Նախատեսվում է ֆոնդային շուկա մուտք գործողներին աջակցող ծրագրեր ներդնել։
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանն ընդգծեց, որ պատմականորեն պետական պարտատոմսերը միշտ եղել են կապիտալի շուկայի շարժիչ ուժը։
Միջազգային բանկի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքին պարտքի շուկան ենթակառուցվածքային առումով ավելի զարգացած է, քան երկրորդային շուկան։ (Երկրորդային շուկայում շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը՝ ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ նոր արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ):
Այսուամենայնիվ, վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում։ 2020 թվականին պարտատոմսերի հիմնական ստացողները բանկերն էին, իսկ այժմ այդ ցուցանիշը նվազել է 26%-ով, այսինքն՝ ավելացել է մյուս ընկերությունների մասնակցությունը։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը վստահ է՝ այսօր մեր երկրում կա պոտենցիալ ներդրողների մեծ բազա, բայց չկան ներդրումային բանկիրներ, մայներներ: Բրոքեր-դիլերների բացակայության պատճառով երկրորդային շուկայի պակաս կա։
«Բնակչությանը կրթելը չափազանց կարեւոր է։ Օրինակ՝ Freedom Holding Corp․-ը Ղազախստանում կրթական ծրագրեր իրականացրեց, որից հետո շատերը գնեցին պարտատոմսեր եւ օտարերկրյա ակտիվներ, իսկ հետո սկսեցին ներդրումներ կատարել կորպորատիվ ընկերություններում»,- ասաց Հայկ Եգանյանը։
Թիմուր Տուրլովն էլ վերահաստատեց՝ եթե մանրածախ ներդրողները հասկանան, որ կարող են համեմատաբար քիչ հարկ վճարել եւ ավելի բարձր եկամուտ ստանալ իրենց խնայողությունների միջոցով, ապա արժեթղթեր կգնեն։ Պետությունը կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արժեթղթեր գնելը դառնա նույնքան պարզ մեխանիզմ, որքան բանկում ավանդ դնելը։ Իհարկե, պետությունն էլ կշահի․ հարկեր կվճարվեն, տնտեսական աճ կգրանցվի։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։