Ութսունամյա լեհուհի Յոլանտա տատը տորթի մոմերն է փչում. աչքերը փակում է, որ երազանք պահի, բայց միտքը պոկվում է ներկայից ու սլանում հեռավոր՝ առաջին հայրենիք. Լիտվա:
Ութ տասնամյակ առաջ, հենց այս օրը, Լիտվայի Պակենաս գյուղում Իոսիֆ Լուկաշեւիչի չորրորդ աղջիկը ծնվեց: Ծնողները նրան Ելենտինա անվանակոչեցին, բայց այդպես էլ գրված անունով չդիմեցին. նրան բոլորը որպես Յոլանտա գիտեն:
«Չորս քույր, երկու եղբայր. լավ՝ համեղ ու գունավոր մանկություն ենք ունեցել»,- հիշում է տատը:
Ութամյա կրթությունը Պակենասում է ստացել, այնուհետեւ Արվեստի տեխնիկում է ընդունվել, ընթացքում էլ նկարիչ-դեկորատոր աշխատել:
Յոլանտան հորաքրոջ աղջիկ ուներ, որն ամուսնու հետ աշխատում էր Հայաստանում: Ո՞վ կմտածեր, որ նրանց աշխատանքը երիտասարդ լեհուհու ճակատագիրն է գծելու. Դերենիկ անունով գործընկեր ունեին լեհ ամուսինները, ում հետ հաճախ էին խոսում Յոլանդայի մասին: Դերենիկի հետաքրքրությունն այնքան է աճում անհայտ աղջկա հանդեպ, որ նամակագրական կապ է հաստատում նրա հետ: Ամեն նամակի հետ զույգը համոզվում է, որ նոր ծնված զգացմունքը հերթական հրապուրանք չէ. ամուսնությամբ է ավարտվելու:
Այդպես էլ եղավ: 1966 թվականին, իր ծննդյան օրը Յոլանտա Լուկաշեւիչը Խաչատրյան դարձավ. ամուսնացավ Դերենիկի հետ:
Հայաստան գալու ճանապարհին նորափեսան «գլուխ էր գովում», պատմում իր «մրգաշատ ու գեղեցիկ» Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մասին:
«Հասնելով Ջրառատ՝ Դերենիկի հայրական տուն, ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է դրախտից դժողք ընկնելը, կանաչ ու փարթամ բնությունից՝ քարքարոտ ու սառը լեռներում հայտնվելը»,- պատմում է Յոլանտա տատը: Չի թաքցնում, որ սկզբում զղջացել է ծնողներին չլսելու եւ հայի հետ ամուսնանալու համար:
Այնուհետեւ զինվորական ամուսնու գործի բերումով Ջրառատից տեղափոխվում են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի զորամաս, բայց ինչպես ասում են՝ նորահարսը մրից դուրս եկել, մրաջրում է հայտնվել. ապրում էին մի ամայի տարածքում գտնվող ցեխոտ, քարքարոտ վայրում: Յոլանտան, սակայն, սրան էլ դիմացավ, տուն-տեղ ունեցավ:
Հայաստանյան կյանքն ավելի տանելի դարձավ այն օրվանից, երբ Խաչատրյան զույգը վերջապես հիմնավոր բնակություն հաստատեց Լենինական քաղաքում:
Ինչպես լենինականցի գրեթե բոլոր կանայք՝ Յոլանտան աշխատանքի է ընդունվում Տեքստիլի կարի ֆաբրիկայում: Երկու զավակ է ունենում, հայկական վարքուբարքին սովորում, խոհանոցի գաղտնիքները յուրացնում: «Թեեւ սկզբում ինձ այնքան էլ ուրախ չընդունեցին, բայց տարիներ անց գերդաստանի ամենասիրելի ու օրինակելի հարսն էի»,-հպարտորեն պատմում է տատը:
1988 թվականի երկրաշարժի պատճառով Խաչատրյանները նույնպես անտուն դարձան: Տեղափոխվեցին Յոլանտայի հայրենի Լիտվա, ապրեցին մի քանի տարի: Զարմանալի էր, բայց տիկինն այլեւս չհարմարվեց առաջին հայրենիքում, երկրորդի կարոտը հաղթեց. 90-ականներին վերադարձան Գյումրի, 20 տարի ապրեցին տնակում:
2010 թվականին կրկին բնակարանամուտ տոնեցին: Ամուսնու հետ նոր բնակարանում հասցրեցին վեց տարի ապրել. Դերենիկը մահացավ, բայց Յոլանտան մենակ չմնաց: Ապրում է որդու, հարսի, թոռ ու ծոռի հետ:
Տատին որքան հայ, նույքան էլ լեհ մնալու հարցում օգնել է Գյումրիում լեհերի «Պոլոնիա» միությունը, որտեղ միշտ հնարավորություն կա ապրելու-խոսելու լեհորեն եւ լեհերեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։