Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել։
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակներում։
«Իրանի հարեւանության քաղաքականության մեջ Ադրբեջանը կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ երկու ժողովուրդները, բացի հարեւանական եւ պատմական կապերից, ունեն նաեւ ընտանեկան կապեր»,-հանդիպման մեկնարկից հետո իրանական IRNA գործակալության փոխանցմամբ ասել է Աբոլլահյանը։
Նա ընդգծել է Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը։
«Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդների մեջ։ երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ադրբեջանական APA գործակալությունն էլ հաղորդում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նաեւ քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու շուրջ։
Տարածաշրջանային հարցերի քննարկման շրջանակներում Բայրամովը իրանցի գործընկերոջը ասել էր, որ «Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին ներգրավելը սպառնալիք է խաղաղության գործընթացի համար»։
Նա նաեւ նշել է, որ «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար»՝ չհստակեցնելով, թե որ երկների մասին է խոսքը։