Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին․․․
Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ։ Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած։ Սա է իմ հայրենիքը, իմ Թաղասեռը։ Այստեղ եմ ծնվել ես, մեր «Պռլավեն քար»-ից ու «Բլբուլա խութ»-ից եմ ես ուժ ստացել։ Մեր բարեբեր հողի քաղցրահամ պտուղն էր ինձ սնում։
Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ։ Ակամայից հիշեցի Համո Սահյանի խոսքերը․
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։
Մի զարմանալի ու հրաշալի գյուղ է Թաղասեռս՝ իր գեղեցկությամբ ու բազմազանությամբ։ Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, որ տաք են, հիասքանչ, նրա լեռներում, որ ցուրտ են ու դաժան, բայց էլի հիասքանչ են։
Մեր գյուղում․․․ Մայրս դոշաբ էր եփում, հայրս գինի մշակում․․․ իսկ քամված գինին դառն էր ու քաղցր մեր ժողովրդի ճակատագրի պես․ դառը, ինչպես անցյալում կրած տառապանքներն ու զրկանքները, եւ քաղցր, ինչպես գալիքի հույսն ու հավատը։
Կարոտով եմ հիշում հայրենի գյուղիս ամեն մի քարն ու քարի տակի մրջյունը, ծառն ու ծառի տերեւը, «Ձերե աղբյուր»-ի ջուրը։
Ախր իմ գյուղը եկեղեցիներ ուներ, ախր իմ գյուղը գրչատուն ուներ, որի ձեռագրերի մի մասը մինչ օրս պահվում է Մատենադարանում, ախր իմ գյուղը նվիրյալ մարտիկներ ուներ, որ կռվեցին մինչեւ վերջին շունչը․ Նիկոլայ Հայկյան, Իվան Սարգսյան, Նվեր Սիմոնյան․․․ Հավերժ փա՛ռք․․․
Յոթնապատիկ սիրելի՛ իմ Թաղասեռ, տո՛ւր ինձ թռիչքի թեւեր, որ վայելեմ սրբություններդ, որոնք անսահման են։
Ո՛չ, ես հոգու թեւերով կայցելեմ նրանց։ Կայցելեմ, որ փոքր-ինչ մեղմեմ փափագող սրտիս վերքերը։
Կարոտով հիշում եմ Ձորի Իշխան ընկուզենին, որ հպարտ կեցվածքով տարել է ամեն մի ցասում ու կանգուն սպասում է մեզ՝ գյուղի տերերիս, որ գնանք ու նորից շենացնենք մեր բնօրրանը, հիշում եմ մեր այգու հոնին, որ կարոտը կոճկել եւ մեզ է սպասում, մեր թթենին, որ «ի հեճուկս» աչքը չի թարթել, հոնքը չի ծռել, որի շվաքում հավաքվում էինք եւ մոռանալով առօրյա հոգսերը՝ վայելում հանգստյան օրերը։
Ես իմ հայրենիքն եմ ուզում, իմ Թաղասեռը։ Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները։
Մնացի կարոտ իմ հայրենիքին,
Օտար աշխարհում, լուռ թափառական.
Կարոտ մայրենի սրտագին խոսքին,
Մնացի մենակ, խեղճ որբի նման:
Ավ․ Իսահակյան
Հադրութի շրջան, գ․ Թաղասեռ
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։