Հայաստանը չպետք է դառնա սակարկության առարկա արեւմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ժամանակին Ուկրաինան նույնպես ընկել է Արեւմուտքի «թակարդի» մեջ, որին մեծ հեռանկարներ էին խոստանում, բայց իվերջո խաբեցին։
«Ես չէի ցանկանա, որ սա պատահեր Հայաստանի հետ։ Հայաստանն անցել է իր պատմական ամենադժվար ճանապարհը։ Այս երկիրն խաղաղ ապրելու արժանի է, եւ որ ոչ մի դեպքում չդառնա սակարկության առարկա արեւմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում»,-ասել է Զախարովան։
Զախարովան հավելել է, որ Արեւմուտքը շարունակում է նոր զոհ փնտրել, եւ այդ նոր զոհը կարող է լինել Հայաստանը, որին Արեւմուտքը «կգայթակղի եւ խաբի»։
«Երեւանի որոշ քաղաքական գործիչներ Հայաստանի հանդեպ Եվրոպական միության հանկարծակի մեծացած ուշադրությունն ընկալում են որպես դարման կամ խայծ։ Մենք պետք է ավելի խորը նայենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը եւ հավելել․«Ցավոք սրտի, Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում, որ Հայաստանը վերածվում է արեւմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի՝ արեւմտյան զվարճանքի, եւ պարզապես սպառվում է»։
Նրա խոսքերով կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Արեւմուտքը «ցինիկաբար օգտագործում պետություններին՝ ելնելով իր պատեհապաշտական շահերից, իսկ հետո պարզապես թողնում նրանց բախտի քմահաճույքին»։
«ԵՄ-ն ակնհայտորեն այլեւս հուսալի գործընկեր չէ։ Այս կազմակերպությունը համախմբում է նրանց, ովքեր կատարում են Ամերիկայի հրահանգները։ Այս դաշինքում Հայաստանը դիտվում է որպես տարածաշրջան մուտքի կետ: Եվ դա հասկանալի է»,-եզրափակել է Զախարովան։