Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր զգայուն հարցերը։
«Սա մեր առաջին հանդիպումը չէ։ Նախորդը մեկ տարի առաջ Սանկտ Պետերբուրգում էր։ Այն ամենն, ինչ եղել է դրանից հետո, ցույց է տալիս այսօրվա հանդիպման ու քննարկման արդիականությունը։ Ժամանակները դժվար են, կան մարտահրավերներ։ Մենք կքննարկենք այս մարտահրավերները»,-ասել է Գրոսսին։
Նա չափազանց կարեւոր է համարել փետրվարի 6-ին Սոչիում ԱԷՄԳ -ի եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների հանդիպումը։
«Այստեղ ես եւ [«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ] Լիխաչովը առավոտյան երկար հանդիպումներ ունեցանք մեր մասնագետների հետ եւ քննարկեցինք տարբեր թեմաներ։ Իմ կարծիքով, այս զրույցը չափազանց կարեւոր է, եւ ես գնահատում եմ հնարավորությունը եւ պատրաստ եմ ձեզ հետ քննարկել այս բոլոր թեմաները»,-ասել է Գրոսսին Պուտինին։
Նշենք, որ այսօր Սոչիում անցկացվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակության եւ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակության միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսական օկուպացիայի տակ գնտվող Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությանը վերաբերող հարցեր։
«Ռոսատոմի» մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Լիխաչովը խոսել է այն քայլերի մասին, որոնք ռուսական կողմը ձեռնարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար, ինչպես նաեւ անդրադարձել է կայանում ԱԷՄԳ -ի փորձագետների հետ փոխգործակցության որոշ ասպեկտներին։
Իր հերթին, Գրոսին տեղեկացրել է փետրվարի 7-ին Զապորոժիեի ԱԷԿ կատարած իր ուղեւորության արդյունքների մասին, որտեղ նա այցելել էր չորրորդ էներգաբլոկի տուրբինային սենյակ եւ կառավարման կետ, ինչպես նաեւ ջրամատակարարման օբյեկտներ։