Ռուսական բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Օդեսայի ուղղությամբ, այն ժամանակ, երբ քաղաքում ընթանում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։
Օդեսայում օդային տագնապը հնչել է Կիեւի ժամանակով 10:41-ին, իսկ երեք րոպե անց հզոր պայթյուն է լսվել քաղաքում։
Հունական Protothema պարբերականը գրել է, որ հրթիռային հարվածի թիրախը հավանաբար Զելենսկու ավտոշարասյունն է եղել։
Պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահը գտնվել է Միցոտակիսի գլխավորած հունական պատվիրակության գտնվելու վայրից 150 մետր հեռավորության վրա։
Հարվածի արդյուքնում Զելենսկին եւ Միցոտակիսը չեն տուժել։ Օդեսայի նավահանգստում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ տեսել է հրթիռի պայթյունը։
«Մենք այսօր տեսել ենք այդ հարվածը։ Տեսնում եք ում հետ գործ ունենք։ Նրանց համար միեւնույնն է թե ուր կհարվածեն։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր եւ վիրավորներ»,-ասել է Զելենսկին։
Հունական պատվիրակության ներկայացուցիչները Protothema-ին տված մեկնաբանությունում հայտնել են, որ նրանցից ոչ ոք չի տուժել, իսկ երկրի վարչապետի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։
«Զելենսկին եւ նրա անձնակազմը մեզ ցույց տվեցին եւ բացատրեցին նավահանգստի կարեւորությունը։ Արդեն ամենավերջում լսեցինք մեզ շատ մոտ գտնվող ազդանշանների եւ պայթյունների ձայները։ Մենք չհասցրինք գնալ պաշտպանված վայր, դա շատ տպավորիչ փորձ էր»,-ասել է Միցոտակիսը։
Ավելի ուշ Ուկրաինայի Հարավային պաշտպանական ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը հայտարարել էր, որ այս հարձակումը կապված չի եղել Զելենսկու Օդեսա կատարած այցի հետ։
«Այո, Օդեսայի վրա հրթիռային հարված է հասցվել, հավանաբար բալիստիկ զենքով՝ հարվածելով նավահանգստի ենթակառուցվածքի շենքերից մեկին։ Բայց դա կապված չի եղել հստակ այցի հետ»,-նշել է խոսնակը։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսայի նավահանգստի վրա հարձակումը՝ նշելով, որ հարձակման թիրախը եղել է արդյունաբերական նավահանգստի տարածքում գտնվող անգարը, որի մեջ «Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում էին հեռակառավարվող նավերի մարտական կիրառմանը»։