Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնում է, որ պաշտոնական այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ-ի, կրկին քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարարը հադիպման ժամանակ կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունները ընդգծել է, որ «բոլոր հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է»։
Աշտիանին հայտնել է Իրանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղությանը եւ նշել․ «Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը եւ իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության բացառումը»:
Նա նաեւ ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը եւ կաջակցի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ բանակցություններին։
Աշթիանի նաեւ կրկնել է Թեհրանի ավելի վաղ հնչեցրախ այն դիրքորոշումը, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Իրանի համար ընդունելի չէ։