Կրկին փակուղի են մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ու պատանդների փոխանակման շուրջ մարտի 6-ին կայացած բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը լուրջ մտահոգություններ է առաջացնում արեւմտյան երկրների շրջանում:
Բանակցող միջնորդները, մասնավորապես՝ Քաթարը եւ Եգիպտոսը, փորձում են ապահովել ավելի քան 40-օրյա հրադադար մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, որը սկսվում է մարտի 10-ից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀԱՄԱՍ-ին մարտի 6-ին կոչ էր արել ընդունել Վաշինգտոնի առաջարկած պայմանները եւ հայտարարել, որ Իսրայելի դաշնակիցները պատրաստ են համագործակցության։
Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնը «խելամիտ» առաջարկ է արել իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց հրադադար հաստատելու վերաբերյալ։ «Հարցի լուծումն այժմ ՀԱՄԱՍ-ի ձեռքում է»,- լրագրողներին ասել էր Բայդենը։
Նախօրեին Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով սպանվածների թիվը անցել է 30 700-ը։
Բացի վերոգրյալը, ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի բնակչության մեկ քառորդը տառապում է սուր թերսնումից։ Նրանց մեծ մասը երեխաներ են։