Ադրբեջանում ոստիկանները խուզարկություններ են իրականացրել Toplum.TV անկախ լրատվականի գրասենյակում, որի արդյուքնում ձերբակալվել է ինը աշխատակից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լրատվականի աշխատակիցներին։ Թե ինչն է դարձել Toplum.TV-ի խուզարկության եւ լրագրողների հետագա կալանավորման պատճառը, դեռ անհայտ է։
Ադրբեջանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը, գրում է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը։
«Տեղի ունեցածը ողջամիտ բացատրություն չունի։ Կարծես թե երկիրը ցանկանում է իսպառ վերացնել անկախ լրատվամիջոցները, որպեսզի քննադատական կարծիքների հարթակներ չմնան։ Մենք հանցագործության մեջ ներգրավված չենք եւ որեւէ անօրինական գործողություն չենք իրականացրել։ Հետեւաբար, տեղի ունեցողը իրավական բացատրություն չունի»,-Turan գործակալության փոխանցմամբ ասել է Toplum TV-ի գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլը։
Ըստ խմբագրության ու ականատեսների՝ խուզարկությունը լրատվականի գրասենյակում տեւել է շուրջ երկու ժամ, որից հետո անվտանգության ուժերը կնիքել են գրասենյակի դուռը։
«Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը նշում է, որ անվտանգության ուժերը խուզարկել են նաեւ Toplum TV-ի լրագրող Ֆարիդ Իսմայիլովի տունը, որից հետո նա նույնպես բերման է ենթարկվել։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ բացի Իսմայիլովից ձերբակալվել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Ակիֆ Ղուրբանովը։ Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։
Փաստաբանների պնդմամբ, նրանց մեղադրում են մաքսանենգության մեջ։
Toplum.TV անկախ լրատվականը հայտնի է մարդու իրավունքների եւ կոռուպցիայի մասին իր հրապարակումներով։ Այն եթեր է տրամադրում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներին եւ քաղաքացիական ակտիվիստներին։