ԱՄՆ-ն եւ Թուրքիան մարտի 7-ին պատրաստվում են համապարփակ բանակցություններ սկսել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Լրատվականի փոխանցմամբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները հանդիպելու են Պետքարտուղարությունում մի քանի փուլից բաղկացած բանակցություններ վարելու համար։ Դրանց ընթացքում քննարկվելու են Սիրիայի հետ կապված հարցերը, Ուկրաինա ռուսական ներխուժումը, Գազայում Իսրայելի գործողությունները, պաշտպանության ոլորտում համագործակցությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը։
«Սա, հավանաբար, կլինի ամենահզոր եւ դրական ռազմավարական մեխանիզմը, որը մենք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում», — Reuters-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան առաջիկայում սպասվող բանակցությունների մասին:
Նշվում է, որ այս բանակցությունները նախորդելու են մարտի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը։
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերջին տարիներին հեռացել էին ռազմավարական գործընկերության կարգավիճակից՝ մի շարք հարցերի շուրջ սուր տարաձայնությունների պատճառով։
2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական C-400 «երկիր-երկինք» հրթիռային համակարգի ձեռքբերումից հետո ԱՄՆ նախ պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ, ապա հեռացրեց F-35 կործանիչների հետ կապված ծրագրից:
Թուրքիային էլ անհանգստացնում է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում գործող «Քուրդիստանի դեմոկրատական ուժեր» աշխարհազորային կազմակերպությանը ցուցաբերվող աջակցությունը։ Այս կառույցին Անկարան համարում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մաս, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման եւս մեկ ազդակ էր Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի Անկարայի արհեստական երկարաձգումները։ Նման խոչնդոտը վերացնելու համար ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին, ինչին թուրքական կառավարությունը վաղուց էր ձգտում: