Կիպրոսը աջակցում է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը եւ կողմ է Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության ավելացմանը: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումանը հաջորդող համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
«Կիպրոսը կաջակցի Երեւան-ԵՄ համագործակցության ընդլայմանը։ Կաջակցենք ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանը կմոտեցնեն ԵՄ-ին»,- նշել է Կոմբոսը:
Իր խոսքում նախարարը նաեւ ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությանը լիովին պետք է հարգվեն՝ համապատասխան միջազգային հանրային իրավունքի եւ ՄԱԿ կանոնադրության։ Մենք պարտավոր ենք՝ իբրեւ միջազգային համայնք, կանգնեցնել ագրեսիան, ռեւիոզինիզմը, եւ աջակցել Հայաստանին թե քաղաքական, եւ թե նաեւ նյութապես տեսանկյունից»,-ասել է Կոմբոսը եւ վստահեցրել, որ Նիկոսիան սատարում է Հայաստանին այդ հարցերում։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել էր, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում զգալի դեր ունի Կիպրոսը։
«Կիպրոսի աջակցությունը զգալի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Հայաստանը խորացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Համատեղ մենք փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ կարող են ավելացվել մեր համագործակցության մեջ»,-ասել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ կիպրոսցի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին զարգացումների մասին, որտեղ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է հիմնված լինել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման անհրաժեշտության վրա, որոնք բխում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից եւ 1992 թվականին գոյություն ունեցած սահմանագծից։
Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը Միզրոյանը նշել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղակայման պահից ի վեր այն զգալի դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ»։