ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ Մարտի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի թվով յոթերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ եւ սկսել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաեւ քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: