Յոթամյա Մարիան պատրաստվում է ցուցահանդեսի, որը նվիրված է կանանց գարնանային մեկամսյակին։ Այն կանցկացվի Ջերմուկ քաղաքում:
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ապրող աղջնակի համար այս ցուցահանդեսը հերթականն է: Առաջինը հայրենի Եղեգնաձորում է եղել, հաջորդը՝ Նկարիչների միությունում: Առաջին անգամ ցուցահանդեսով ներկայացել է հինգ տարեկանում:
Նկարել Մարիան սկսել է, երբ դեռ երկու տարեկան էլ չկար: Իր առաջին «փորձադաշտը» տան պատերն են եղել: Նկարել է կահույքագործ հայրիկի աշխատանքային ներկերով: Այսօր արդեն «Դյուցազնագրքում» երկու ռեկորդ ունի, երրորդն էլ շուտով պաշտոնապես կգրանցվի: Հինգ տարեկանում աղջնակը 1000 ճեպանկար եւ 500 գունանկար էր արել կտավի եւ թղթի վրա, երկորրդ ռեկորդով՝ 2500 ճեպանկար եւ 650 գունանկար, երրորդը՝ 3000 ճեպանկար եւ 700 գունանկար:
Առաջին միջազգային հարթակում Մարիայի աշխատանքը ներկայացվել է, երբ չորս տարեկան է եղել: ՌԴ-ում անցկացված մրցույթում նկարչուհու կտավը բարձրագույն պարգեւի է արժանացել:
Հաջորդ մեծ մրցույթն արդեն Հայաստանում է անցկացվել: Ավելի քան 37000 մասնակիցները աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաներն են եղել: 2020-ին, երբ պատերազմի ժամանակ նաեւ Վայոց ձորի երկնքում բազմաթիվ թռչող սարքեր են պտտվել, երեխայի մտքում դրանք «բարիացնելու» ցանկությունն է եղել:
«Մրցույթը «Վերջ պատերազմին» խորագրով էր: Մայրիկս միշտ պատմում է, որ ծիածանը փոխում է ամեն ինչ. օրինակ՝ խոտը, ծիածանի տակով անցնելիս, դառնում է ծաղիկ: Ես էլ մտածեցի, որ ռումբեր արձակող ինքնաթիռը, եթե անցնի ծիածանի տակով, կդառնա բարի ինքնաթիռ: Հենց դա էլ նկարեցի»,- նկարագրում է Մարիան: Աղջիկն իր նկարի հիման վրա նաեւ ստեղծել է «Դիդիի՝ չար ինքնաթիռի մասին հեքիաթը», որը հայաստանյան հրատարակչություններից մեկի շնորհիվ շուտով հասանելի կդառնա բոլոր երեխաներին:
Տասնյակ հազարավոր մասնակիցների հետ մրցելն ու հաղթելը ոգեւորել է Մարիային ու նրա ընտանիքի անդամներին: Դրան հաջորդել են բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից եւ իրարահաջորդ հաղթանակներ: Այսօր արդեն փոքրիկ նկարչուհին 30 տեղական ու միջազգային մրցույթների հաղթող է:
Մարիայի մայրը՝ Աշխեն Սարգսյանը, հոգեբան է։ Նա վստահ է, որ բոլոր երեխաներն էլ ինչ-որ կարողություն ունեն, միայն պետք է զարգացնել: Մարիան ոչնչով չի տարբերվում հասակակիցներից, բայց ամենակարեւորը երեխային չկոտրելն է:
«Երբ առաջին անգամ պատին նկարեց, մենք զայրանալու փոխարեն ոգեւորեցինք իրեն: Եթե ասեինք՝ վատ բան ես արել, գուցե ինքն այլեւս երբեք չնկարեր: Չպետք է երեխաների երազանքները կոտրել: Մենք իրեն անընդհատ ասում էինք, որ հավատում ենք՝ շատ լավ է նկարելու»,- պատմում է Աշխենը:
Իրենց բնակարանում որեւէ անկյուն չկա, որտեղ ներկեր չլինեն: Տանեցիները սովոր են՝ որ կողմով էլ անցնեն, Մարիայի կտավներն են: Բոլոր զգեստների վրա հաստատ ներկի հետք կգտնվի։ Երբ տեսնում են, ժպտում են. դրանք փոխելու ենթակա են, երեխայի երազանքները՝ ոչ:
Մրցույթների մասնակցությունն ու նկարչական պարագաների ձեռքբերումը, սակայն, ֆինանսական առումով այնքան էլ հեշտ չէ: Ընտանիքն ամեն ինչ անում է, որ հասցնի Մարիային ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով: Համայքնային կառույցներից կամ կրթական գերատեսչությունից որեւէ աջակցություն չկա. դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ երեխայի «Երջանկաբեր ծաղիկներ» շարքի պատկերագրքի տպագրության համար: Մերժում չեն ստացել, բայց գործողություն էլ չի եղել:
Մարիան ինքնուս է, նկարչական որեւէ խմբակ չի հաճախում, մասնագետներն էլ հորդորել են չշտապել: Կերպարվեստի այնպիսի տեխնիկաների մեջ է իբնքնուրույն վարպետացել, որոնք կարելի է սովորել մի քանի տարվա ընթացքում: Հեշտությամբ տարբերում է լույսն ու ստվերը, մոտիկն ու հեռուն: Աղջնակը նկարչությամբ չի սահմանափակվում. հետաքրքրվում է նաեւ պարարվեստով, ռոբոտաշինությամբ, հագուստի ձեւավորմամբ ու բժշկությամբ: Վստահ է՝ բոլորն էլ կհասցնի: Կարեւորը՝ խաղաղություն լինի, ու բոլորը ժպտան:
Մուգ գույներ չսիրող փոքրիկ նկարչուհին մեկնաբանում է՝ դրանք տխուր են: Վարդագույնը, սպիտակն ու դեղինը Մարիան ամենահաճախն է օգտագործում իր ստեղծագործություններում, որ դրանցով լույս տարածի, ու բոլորն ուրախ լինեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: