Սուսաննա Աստոյանը թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատում է 55 տարուց ավելի։ Լենինականի (այժմ՝ Գյումրի) գուլպանասկեղենի արտադրամասում հայտնվեց 17 տարեկանում, երբ համալսարանի առաջին կուրսում էր։
Արտադրամասն անընդհատ զարգանում էր, ամեն օր ավելանում նոր տեսականիով, նոր տեխնոլոգիաներով եւ նոր մասնաճյուղեր հիմնելով։ «Աշխատում էինք հպարտությամբ, անընդհատ նոր բաներ մտածելով, նոր գյուտարարություններ անելով, ձեռքի աշխատանքը կրճատելով։ Ամեն ինչ անում էինք, որ ավելի լավը լիներ արտադրությունը, ավելի ժամանակակից, ավելի եկամտաբեր»,- ասում է Սուսաննա Աստոյանը։
Գործարանի զարգացման արագ ընթացքը կտրուկ ընդհատվեց։ 88-ի երկրաշարժը փոխեց ե՛ւ մարդկանց ճակատագիրը, ե՛ւ արտադրական ձեռնարկությունների հեռանկարը։
Երկրաշարժից հետո նոր մասնաճյուղեր բացվեցին։ Կանգնուն մնացած մասնաշենքերի մեքենաները տեղափոխվեցին այնտեղ եւ տեղում արտադրություն կազմակերպվեց։
«Էդքան զոհերից, էդքան դաժանությունից հետո մենք փետրվարին արդեն առաջին արտադրանքը սկսեցինք Հացիկ գյուղում։ Էդպես էլ ասում էինք, երկրաշարժից հետո առաջին լույսը վառվեց գուլպայի ֆաբրիկայում, առաջին տաք ճաշը տրվեց գուլպայի ֆաբրիկայի ճաշարանում, առաջին մեքենայի ձայնը լսվեց այստեղ։ Մի շաբաթ անընդհատ կանգուն մնացած մասնաշենքերի լույսերը վառվում էին, որպեսզի քաղաքին ներշնչենք, որ քաղաքը կա, լրիվ կործանված չէ»,- հիշում է Սուսաննա Աստոյանը։
Սուսաննան սկսել է գործողի աշակերտից, տարիներ շարունակ աշխատելով եւ նորարարական առաջարկներ անելով, ի վերջո դարձել արտադրամասի գլխավոր ինժեները։ Հիշում է, որ դժվարությամբ է համաձայնել, քանի որ առաջարկն անասպասելի էր եւ պարտավորեցնող։ Անգամ տնօրենն է եկել իրենց տուն եւ Սուսաննայի ամուսնուն խնդրել, որ համոզի կնոջը՝ ղեկավարի ժամանակի ամենահզոր արտադրությունը։
«Միշտ մտածել են, որ գլխավոր ինժեները պետք է անպայման տղամարդ լինի, էդ ժամանակի գլխավոր տնօրենը՝ Տոնոյան Սամվելը, որոշել էր իմ թեկնածությունը, շատ զարմացան մարդիկ, թե ջահել կինն էս ծանր գործն ինչպես պիտի կարողանա անել։ Դա նույնպես կարծրատիպ էր կոտրում, որովհետեւ ընդունված չէր, ռուս կին եղել էր, բայց հայ կին չէր եղել։ Եվ ընդհանրապես, որ պատմությունը ուսումնասիրեք կին գլխավոր ինժեներները եզակի են, երեւի թե չկան էլ, բայց փառք աստծո ստացվեց, աշխատեցի։ Մինչ օրս էլ աշխատում եմ, որ առողջությունս ների էլի կաշխատեմ, չեմ հոգնում աշխատանքից»,- պատմում է Սուսաննան։
42 տարի գուլպանասկեղենի արտադրամասում աշխատելուց հետո, 2011 թվին Սուսաննան տեղափոխվում է Լենտեքս ՍՊԸ։ Միջավայրը ծանոթ ու հարազատ էր, քանի որ այնտեղ էլ գուլպեղեն էր արտադրվում։
«Արտադրությունն ինքը իրենով շատ հետաքրքիր երեւույթ է, որովհետեւ հումքը՝ տարբեր տեխնոլոգիական պրոցեսներ անցնելով, դառնում է պատրաստի արտադրանք։ Մասնակցում են շատ տարբեր մարդիկ, ու շատ տարբեր մասնագետներ՝ գործողներ, կարողներ, ներկողներ, արդուկողներ, փաթեթավորող-տեսակավորող, պիտակավորող, զույգավորող. էդ բոլորի միջով անցնելով դառնում է պատրաստի արտադրանք եւ վաճառվում է»,- ասում է Սուսաննան։
Սուսաննային չի հոգնեցնում արտադրամասի աղմուկն ու մեքենաների բարձր ձայնը, ասում է՝ դա բարիք ստեղծող մեքենայի երգ է։ «Եթե որպես աղմուկ լսես սարքերի ձայնը, բնականաբար, դժվարություն է, բայց որ մտածում ես դրանով բարիք ես ստեղծում, տնտեսություն է զարգանում, մարդիկ են աշխատում ու աշխատանքով ապահովվում, էդ աղմուկը շատ հաճելի է»։
Աստղիկ Հովհաննեսով