Մարտի 7-ին Ալավերդիում եւ հարակից գյուղերում ապրող արցախցիների հետ հանդիպման եկած Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանին բռնի տեղահանվածները պատմեցին իրենց տարատեսակ խնդիրների մասին՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով։
Տարբեր օգնությունների չհամակարգված բաշխումից մինչեւ կենսաթոշակների եւ 40+10 հազարների աջակցության ուշացում, բազմազավակ ընտանիքներին տրվող սոցիալական նպաստի ծրագրի փոփոխություն, աշխատանքի տեղավորման խնդիրներ, միգրացիոն հաշվառման ձգձգում եւ այլն։
Փոխմարզպետը տեղյակ էր, որ տարածաշրջանում ապրող արցախցի ընտանիքներից մոտ տասը 40+10 հազար աջակցության ծրագրի հետ կապված խնդիր ունի։ Ներկաներից մեկն էլ հաստատեց՝ Միասնական սոցիալական ծառայության կայքում տեսնում են, որ «գումարը դուրս է գրված», գնում են բանկ՝ գումար չկա։ Իսկ Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակառուն փաստեց՝ 40+10 հազար աջակցությունը մեկ անգամ է ստացել։ Տարեցներից մի քանիսն էլ փետրվարի կենսաթոշակը չեն ստացել։
Մարզպետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ սեղմ ժամկետում կպատասխանեն քաղաքացիներին, թե ինչու մինչեւ հիմա վճարում չի կատարվել։
Մի կին էլ, որ բարեգործական տարբեր կազմակերպություններից՝ որպես միայնակ տարեց, գրեթե միշտ աջակցություն է ստացել, խոսեց օգնությունների չհամակարգված բաշխումից եւ նշեց, որ արդեն չորս անգամ իրեն վերմակ են տվել, մինչդեռ այլ կարիքներ էլ ունի, օրինակ՝ կենցաղային իրերի եւ տեխնիկայի։
«Բարեգործական ընկերություններն ունեն իրենց չափորոշիչները․ միայնակ տարեցներ, երեք եւ ավելի անչափահաս երեխաներ, աշխատանք փնտրող խմբեր եւ այլն։ Ըստ այդ չափորոշիչների ենք կատարում բաշխումը։ Հետեւաբար, երբ բարեգործական ընկերությունը գալիս է իր ապրանքով, օրինակ՝ վերմակով, մենք պարտավոր ենք Ձե՛զ բաշխել, ոչ թե էն ընտանիքներին, ովքեր երեք անձից են բաղկացած, բայց որեւէ խոցելի խմբում ներառված չեն»,- քաղաքացուն ի պատասխան պարզաբանեց Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող Աստղիկ Դավիթավյանը, ապա հորդորեց ստացած ավելորդ վերմակները տալ նրանց, ովքեր չեն ստացել։
Արցախցիներին կենցաղային տեխնիկայով ապահովելու նպատակով համայնքապետարանը ներկայում աշխատում է «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպության հետ։ Շուտով կենցաղային տեխնիկան կլինի եւ կբաշխվի՝ կրկին ըստ խոցելի խմբերի։
«Հիմա բոլոր կառույցներում ցուցակները հստակեցված են, կարիքները՝ գնահատված, թե ով ինչ առաջնահերթ խնդիր ունի, ինչ է ստացել։ Եվ բոլոր տեսակի աջակցություններին է սա վերաբերում՝ չի լինի էնպես, որ մեկը մի քանի անգամ օգնություն ստանա, մյուսն էլ ընդհանրապես ոչինչ չստանա», — նշեց մարզպետի տեղակալը, ապա հավելեց՝ իրավունք չունեն բարեգործական կազմակերպություններին պատվեր տալու, պետք է բավարարվել նրանով, ինչ նրանք ունեն։
Վեց երեխաների հայր Մնացական Ավագյանը, որ արցախյան երեք պատերազմների մասնակից է, հաշմանդամ, Լոռու փոխմարզպետին դիմեց երեխաների խնամքի նպաստի հարցով․ Արցախում յուրաքանչյուր երեխայի համար գումար են ստացել, այստեղ՝ ոչ։
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Սերինե Մամաջանյանը բացատրեց Հայաստանում երեխայի խնամքի եւ ընտանեկան նպաստի հաշվարկման կարգը, որը շատ տարբեր է նպաստների հաշվարկման արցախյան համակարգից։ Այստեղ՝ Հայաստանում, Ավագյանների ընտանիքը խնամքի նպաստ ստանում է միայն վեցերորդ երեխայի համար, որը ծնվել է 2022 թվականի հունվարից հետո։ Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստին, ապա ընտանիքը, ըստ սոցիալական ծառայության մասնագետի, երեք օր առաջ է դիմել եւ հաշվառվել անապահովության գնահատման համակարգում։ Այսուհետ Ավագյանները ընտանեկան նպաստ կստանան։
28 բնակավայր միավորող Ալավերդի համայնքում Արցախից բռնի տեղահանված 110 ընտանիք է ապրում՝ 309 անձով։ Նրանց համար առաջնահերթ է նաեւ աշխատանքի խնդիրը։ Մարդիկ աշխատանք կամ թեկուզ փոքր հողակտոր են ուզում, որ սեփական ձեռքով իրենց ապրուստը հոգան, ոչ թե օգնության սպասեն։
Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղից հանդիպման եկած արցախցի տղամարդը նշեց, որ հանքում աշխատանք գտնելու ակնկալիքով է հենց այդ գյուղում հաստատվել։ Արցախում Կաշենի հանքավայրի շինարարական բրիգադում է աշխատել։
Քաղաքացիներից մեկն էլ պատմեց՝ սեպտեմբերին Վայքում ամուսնու հետ հաշվառվել են, բայց իր անունը մինչեւ հիմա որեւէ համակարգում չեն գտնում։
Լոռու փոխմարզպետն ու Ալավերդու համայնքապետի տեղակալը մասնավոր խնդիրներով հանդիպման եկած արցախցիներին հորդորեցին մոտենալ եւ անձնական տվյալներ թողնել։ Հովհաննես Ավետիսյանը նշեց նաեւ, որ մարզում իրականացվող շինաշխատանքներում աշխատուժի պակաս կա, համապատասխան հմտություններ ունեցող աշխատանք փնտրող անձինք կարող են դիմել։
Եվ չնայած արցախցիներին հուզող հարցերը հիմնականում պարզաբանվեցին, ոմանք հանդիպումից հեռացան՝ սպասելիքները չարդարացված։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։