2013 թվականի մարտի 8-ին ՀՀ նախագահի պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը զայրացել է Գալուստ Սահակյանի վրա, որը հայտարարել է, թե նախագահ դառնալը նրա մանկության երազանքն է եղել ՀՀ: «Կանանց տոնի կապակվությամբ ողջունենք նրան, ոչ միայն երիտասարդներն են չարաճճի բաներ անում եւ ասում, այլ նաեւ նա»,- պատասխանում է պարոն Հովհաննիսյանը:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորում է հայ կանանց մարտի 8-ը, քանի որ նրանց շնորհիվ մեր բանակն առանց զինվորի չի մնում. «Ձեզնից շատերն անդառնալի կորուստներ ունեցան` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջին անգամ է նոր պաշտոնում շնորհավորում հայ կանանց օրը. «Կնոջ գնահատականը պիտի լինի ամեն օր, ընտանիքում թե աշխատավայրում, տանը թե փողոցում, սովորական առօրյայում թե տոնական հանդիսության ժամանակ»:
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երազում է ընդլայնել Մինսկի խմբի կազմը. «Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել»։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը լրագրողներին տեղեկացնում է, թե ինչպես են այսօր նշել մարտի 8-ը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ սիրում է կանանց՝ շատ սիրում է ինձ, իր թոռնուհուն՝ Լյուսյային, դրա համար առաջին շնորհավորանքները մենք ստացել ենք մեր պապիկից ու ամուսնուց»։
Սյունիքի մարզում վարչապետ Կարեն Կարապետյանը շատ արագ է գլխի ընկնում, թե որն է այդ տարածքի գլխավոր «ֆիշկան». «Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետեւ Իրանի շուկան շատ մեծ է»:
Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայ-իսրայելական հարաբերությունների լավացումը պատկերացնում է այսպես. ՝ հայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան, որպեսզի այդ երկիրը մեզ էլ զենքեր վաճառի, ինչպես՝ Ադրբեջանին: «Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձեւով կարողանանք զսպել»,- ասում է Արմեն Սմբատյանը:
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումների է: Նա տեղեկություններ ունի, որ իշխանությունը փող է բաժանում Արայիկ Հարությունյանի համար: «Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Երեկ հանդիպել եմ նախագահին։ Խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատերլի են»,- Ասկերանում դժգոհում է Վիտալի Բալասանյանը:
Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» սպասում է նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը՝ ստորագրե՞լ ԳՇ պետի պաշտոնանկության վարչապետի դիմումը, թե չստորագրել, որ որոշեն, թե ինչպես են շարունակում պայքարը։ «էս չափառը թռնենք շենքը վերցնե՞նք, դա 10 րոպեի գործ է, որ օրը, որ ժամին պետք լինի, դա անելու ենք ու ոչ միայն սա»,- հետագա գործողությունների մասին ասում է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը:
Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում»,- գրում է ԱԺ նախագահը:
Արցախցի կանայք տոն նշելու տրամադրություն չունեն: Արդեն երեք ամիս այդ երկիրը գտնվում է Ադրբեջանի տոտալ շրջափակման տակ: «Ուղղակի Ստեփանակերտում արեւ է, միայն դա է տրամադրություն բարձրացնում»,- ասում է արցախցի Ռուզան Հովհաննիսյանը: