2013 թվականի մարտի 10-ին ՀՀ նախագահի պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նստում է հացադուլի այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա նախագահ։ «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին նախագահ հռչակի, դա իրենք կանեն իմ դիակի վրա»,- ասում է պարոն Հովհաննիսյանը։
Ազգային Ժողովը մերժեց ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը՝ ստեղծել «Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով»: «Մենք կարծում ենք, որ այսպիսով շոու անելու եւս մեկ փորձ է»,- ասում է իշխող խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ «Ես կուզեի ավելին ասել, ուղղակի միկրաֆոնը թույլ չի տալիս»,- նրան հակադարձում է ժառանգական Ռուբեն Հակոբյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շատ հանգիստ է վերաբերվում վերջին օրերին հանրապետությունում քրեածին տարրերի աշխուժությանը։ «Մենք խոսում ենք հանցածին վիճակը մշտապես հսկողության տակ պահելու»,- բառացիորեն ասում է գլխավոր դատախազը։
Պետական եկամուտների միլիոնատեր նախագահ Հովհաննես Հովսեփյանը ուղղակի կասկած չունի, որ իր միլիոնները պետական բյուջեի հետ կապ չունեն, Մոսկվայից են ուղարկել։ «Իմ տարեկան հայտարարագրերում գրած ա՝ Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն քաղաք Մոսկվա, դա իմ եղբայրն ա»,- լույս է սփռում ՊԵԿ նախագահը։
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լուրջ չի վերաբերվում Արցախի հարցում զիջումների հրամայականով ԱԺ ընտրությունների գնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի վճռականությանը։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սիրում է նաեւ իր շրջապատի վրա հումորներ անել, եւ իր թիմակիցներին դրել է մի վիճակի մեջ, որոնք փորձում են իրենց պատռելով մեր հասարակությանն ապացուցել անապացուցելին»,- ասում է Աղվան Վարդանյանը։
Ազատության հրապարակում իր անդրանիկ հանրահավաքն է անցկացնում «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ճակատը հրապարակ է եկել իշխանափոխություն սկսելու համար։ «Բոլորը գիտեն՝ երկիրը խոցված է, բայց ես ոտքի կանգնեցնելու գործիք առայժմ չեմ տեսնում»,- հիասթափված է «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։
ԱԺ նախկին պտգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հիասթափված է հեղափոխության մեկ տարվա տնտեսական արդյունքներից՝ չեղավ այն, ինչ սպասում էր ժողովուրդը։ «Ասում են չկա մենաշնորհ, բայց իսկապես չկա՞: Եթե իսկապես չկա մենաշնորհ, ապա պետք է նախկինում մենաշնորհ եղած ապրանքների գները նվազեն, բայց տեսեք, բանանը էլի թանկացել է, բենզինի գինը չի փոխվում»,- արձանագրում է տնտեսագետը։
Հեղափոխությունից երկու տարի հետո ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնել։ «Լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»,- հայտարարում է ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հարությունյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է խնդրում «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներից։ Վերջիններս նրան տեսնել չեն ուզում, քանի որ նախագահը ՍԴ-ում չվիճարկեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի հրամանը։ «Իրենց սեւ գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումներ ե՞ն խնդրում»,- ասում է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանը շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել․ «Ինչքան էլ վատ հովանոց լինի (Ռուսաստանը-խմբ․), դա ինչ-որ հովանոց է անվտանգության: Եթե այդ հովանոցը թուլանա կամ ընդհանրապես ընկնի, այդ վակուումն անմիջապես լրացնելու են ադրբեջանցիները եւ թուրքերը, եւ սրանում ես որեւէ կասկած չունեմ»։
Տոտալ շրջափակման մեջ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ոչինչ չի ուզում լսել Ադրբեջանի հետ ինտեգրացված ապրելու մասին։ «Այն, որ բարոյահոգեբանական տեսանկյունից ժողովուրդը պատրաստ է այդ դիմադրությանը, դա միանշանակ է»,- հայտարարում է ԼՂ ԱԺ պատգամավորը։