Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 10-ի երեկոյան տեսաուղերձում պատասխանել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապին, ով Կիեւին եւ Մոսկվային կոչ էր արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ «համարձակություն ունենալով բարձրացնել սպիտակ դրոշը»։
«Երբ փետրվարի 24-ին ռուսական չարիքը սկսեց այս պատերազմը, բոլոր ուկրաինացիները դուրս եկան պաշտպանության։ Քրիստոնյաները, մուսուլմանները, հրեաները՝ բոլորը: Եվ ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ուկրաինացի հոգեւրականի, ով բանակի հետ է, պաշտպանության ուժերում։ Այնտեղ՝ առաջնագծում։ Պաշտպանում են մարդկությանը եւ կյանքերը։ Նրանք աջակցում են մեզ աղոթքով, զրույցով եւ գործով: Ահա թե ինչ է եկեղեցին` մարդկանց հետ: Եվ ոչ երկուսուկես հազար կիլոմետր հեռավորության վրա, ինչ-որ տեղ, վիրտուալ միջնորդության մեջ ներգրավվելով նրանց միջեւ, ովքեր ցանկանում են ապրել եւ նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել ձեզ»,-ասել է Զելենսկին։
Հռոմի պապն իր կոչն արել էր նախորդ ամիս շվեցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը մասամբ հրապարակվել է մարտի 9-ին:
«Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին եւ ունի սպիտակ դրոշի համարձակություն եւ բանակցում է», — ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային միջնորդների մասնակցությամբ։
Հռոմի պապի կոչին արձագանքել էին նեւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան եւ արեւմտյան մի շարք քաղաքական գործիչներ։