Ըստ Anadolu գործակալության՝ Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու՝ պաշտոնական Աթենքի կոչին արձագանքելով՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Հունաստանը եւս խեղաթյուրում է պատմական փաստերը:
«Թուրքիայի պատմությունը հստակ է, թափանցիկ։ Թուրք ժողովուրդը ամաչելու պատճառ չունի։ Թուրքիայի պատմության մեջ որեւէ «ցեղասպանության» մասին խոսք լինել չի կարող։ Երեկ Հայաստանը, այսօր Հունաստանը հանդես են գալիս Անկարային ուղղված պահանջներով։ Այդ հայտարարությունները հակասում են պատմական փաստերին եւ մոլորեցնում»,- հայտարարել է Աքարը։
Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի պնդման, թե հարյուր տարի առաջ հունական բանակն է իրականացրել թուրք քաղաքացիների զանգվածային սպանությունը՝ Հունաստանի ԱԳՆ-ն երեկ Անկարային կոչ է արել չկեղծելու պատմությունը եւ ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին տեղի ունեցած Պոնտոսի հարյուր հազարավոր հույների ցեղասպանությունը։
«Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը պատմությունը կեղծելու հերթական անհաջող փորձն է: Պատմական ճշմարտության ճանաչումը, ինքնաքննադատությունը եւ ռեւիզիոնիզմի մերժումը ուժի, ոչ թե թուլության նշան է: Դա ազնիվ երկխոսության եւ ազգայնականության ծայրահեղության դեմ պայքարելու, ժողովուրդների եւ պետությունների հաշտեցման եւ նրանց խաղաղ գոյակցության նախադրյալն է»,- նշված է հայտարարության մեջ:
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ նման կենսական եւ քաղաքական դիրքորոշում էր ընտրել 1910-1933 թվականների Հունաստանի վարչապետ Էլեֆտերիոս Վենիզելոսը, երբ որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու էր առաջարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։ «Եվ սա մինչեւ օրս շարունակում է կարեւոր ժառանգության մաս լինել, որը թողել է մեծանուն հույն քաղաքական գործիչը հույն-թուրքական հարաբերությունների համար եւ ոչ միայն»,- ընդգծել է Հունաստանի ԱԳՆ-ն:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում՝ հայերի ցեղասպանությանը զուգահեռ։ Ըստ տարբեր գնահատականների`1916-1923 թվականներին սպանվել է առնվազն 353 հազար մարդ։ Ինչպես հայերի, այնպես էլ հույների ցեղասպանությունը Թուրքիան հրաժարվում է ընդունելուց։