«Երեք երկրների [Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան] միջեւ համագործակցությունը մեծապես կախված է Հայաստանում առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- թուրքական Daily Sabah պարբերականին ասել է ադրբեջանցի վերլուծաբան Ֆուադ Շահբազը` ակնկալելով, որ հաղթելու դեպքում Փաշինյանը կանի պրագմատիկ քայլեր։
Նրա կարծիքով մարտադաշտում կրած վերջնական պարտությունից հետո Հայաստանը տնտեսությունը վերակենդանացնելու կարիք ունի, եւ «տարածաշրջանային համագործակցության այս ձեւաչափը հիանալի համապատասխանում է այդ նպատակներին»։
Ադրբեջանցի վերլուծաբանը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է համագործակցել Բաքվի եւ Անկարայի հետ, բայց ոչ երկրում իր վարկանիշի գնով: «Հունիսին հաջողության հասնելու դեպքում նա կկատարի որոշակի դրական քայլեր համագործակցության ուղղությամբ, որը Հայաստանում կմեղմի ներքին դժգոհությունը, եւ տարածաշրջանային երթուղիները կբացվեն»։
Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Տուտկու Դիլավերը, սակայն, հոռետես է։ Նա վստահ չէ, որ Փաշինյանը կհաղթի, իսկ նոր կառավարությունը դժվար թե ցանկություն ունենա համագործակցելու Թուրքիայի հետ։
Այս եզրահանգմանը նա եկել է՝ հաշվի առնելով Բայդենի ապրիլի 24-ի հայտարարությունը, նաեւ հայկական սփյուռքի եւ երկրի ներսում ազգայնականների դիրքորոշումը: «Նույնիսկ եթե Փաշինյանը մնա իշխանությունում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը արագ չի լինի»։
Նշելով, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ բախումների պատճառ կարող են լինել Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային եւ փոխհատուցման պահանջները, Դիլավերն ասել է, որ Բայդենի հայտարարությունն այդ առումով ոգեւորել եւ հույս է ներշնչել հայ ազգայնականներին:
«Թուրքիայի տարածքային ամբողջականության հետ կապված նկրտումները, երկկողմ հարաբերությունները կբերեն նոր անկման: Այս հարցում երրորդ երկրի քաղաքականությունը ոչ միայն չի օգնում, այլ նաեւ, ինչպես տեսնում ենք, վնասում է հարաբերությունների հաստատմանը»,- ասել է թուրք վերլուծաբանը: