Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ Վրաստանի վարչապետի գրասենյակը։
Ըստ դեպսանատան տարածած հաղորդագրության հանդիպման ընթացքում Սմբատյանը եւ Կոբախիձեն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին եւ դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին։
Վրաստանի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն հանդիպմանն անդրադարձ է եղել երկրների միջեւ առկա բարիդրացիական հարաբերություններին եւ համագործակցության ապագա հեռանկարներին։
«Ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ երկրների միջեւ ստորագրված համատեղ փաստաթղթի կարեւորությունը։ Խոսվել է տնտեսական հարաբերությունների եւ առեւտրի, ինչպես նաեւ տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ կրթության ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ներուժի մասին»,-ասվում է հայտարարության տեքստում։
Ընդգծվում է, որ Սմբատյանը եւ Կոբախիձեն կարեւորել են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։