Վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամից ակնարկում է, որ եթե ՀՀԿ-ն պարտվի, կկորցնենք Արցախը: Նրա կարծիքով ամբողջ ազգի ապագան որոշվում է Արցախի ֆրոնտային գծի վրա։
Հերթական հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Անկախ ամեն ինչից, Րաֆֆի Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակությամբ ձայներ, եկել եմ զորակցեմ»,- ասում է դաշնակցական պատգամավորը:
Կոնյակի գործարանի տարածքում տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդի եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը: ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը արձանագրում է. «Էսօր Հայաստանում շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան»: Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը պիտի հիասթափեցնի նրան. «Բոլոր հանրապետականներին տեսել եք, ոնց որ թե սրտից թույլ մարդիկ կամ վատ զգացող մարդիկ չկան»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հավանություն տալ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին։ Բնակչության մեծ մասը բացասական կարծիք ունի. «Սահմանադրությունը խի՞ են փոխում, իրանց թող փոխեն»։ «Քոչարյանն ու Սերժը ամեն ինչ կուզեն, կանեն, վերջացավ, գնաց»,- ասում են քաղաքացիները։
Ընդամենը երեք ամիս առաջ հիմնադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրությունների ճանապարհով գրավել է Վանաձոր քաղաքի իշխանությունը: «Մեր վիճակն այնտեղ էդ մակարդակին է հասցված, եւ բոլորը սպասում են էդ ընտրություններին, որ տեղական մակարդակում իշխանափոխություն լինի»,- ասում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Վայոց ձորում: Վարչապետը միանգամից ակնարկում է, որ եթե ՀՀԿ-ն պարտվի, կկորցնենք Արցախը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Արցախի ինքնասիրության եւ արժանապատվության հարցում, վստահ է, որ մենք երբեւիցե թույլ չենք տա, որ մեր ամբողջ ազգի ապագան, որը այսօր որոշվում է Արցախի ֆրոնտային գծի վրա, լինի թերի»,- Վայքում հայտարարում է Կարեն Կարապետյանը:
Լրագրողներն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանից փորձում են տեղեկանալ, թե ինչպե՞ս է վերաբերվում մեղադրանքին, որ ինքն է մարտի 1-ի դեպքերի իրական կազմակերպիչն ու սադրիչը: «Հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: «Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը»,- ասում է վարչապետը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մարդու իրավունքների իր տարեկան զեկույցում արձանագրում է, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանում դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է: «Դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին, դատավորների կաշառակերությունն էլ մնում է մտահոգության առարկա»,- իր պնդումն այսպես է հիմնավորում ԱՄՆ Պետդեպը:
Արցախի կառավարությունը հավանություն է տալիս ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու պատգամավորների նախաձեռնությանը: «Ռուսերենն օգտագործելու ենք ըստ անհրաժեշտության»,-փորձում է իրավիճակը հարթել նախագծի հեղինակ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
Ղարաբաղում արդեն 5-րդ օրն է բնակչությունը զրկված է գազամատակարարումից, հետեւաբար տաք ջրից ու ջեռուցումից: «Այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին եւ մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,- իր «Տելեգրամ» ալիքում տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Հայաստանին մեղադրում է, որ վերջինս փորձում է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում: «Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների եւ անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»,- հայտարարում է Հաջիեւը: